ԳլխավորԼուր

Մեկնարկել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի հայտադիմումների ընդունումը

Սփյուռքի երիտասարդ դեսպան, Արցախ

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Սփյուռքի երիտասարդ դեսպան» 2023-2024 թթ. ծրագրի հայտադիմումների ընդունումը մեկնարկել է:

Ծրագիրը նպատակ ունի հնարավորություն ընձեռել սփյուռքահայ երիտասարդներին ընդլայնել իրենց պատկերացումները Հայաստանի քաղաքական, սոցիալական, տնտեսական և այլ խնդիրների մասին, աջակցել համայնքային կյանքում նրանց առավել ներգրավմանն ու գործունեության արդյունավետության բարձացմանը՝ նոր գիտելիքների, հմտությունների փոխանցման, փորձի փոխանակման, գործնական նոր կապերի ձեռքբերման ճանապարհով, նպաստել Սփյուռքի տարբեր համայնքների, Հայաստանի և Արցախի երիտասարդների միջև համագործակցության ձևավորմանն ու զարգացմանը:

Ծրագիրը մեկամյա է և ընդգրկում է 2023 թ. սեպտեմբեր-2024 թ. օգոստոսն ընկած ժամանակահատվածը: Հայաստանում կանցկացվի երկշաբաթյա դասընթաց` 2023 թվականի սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 7-ը, մնացյալ ժամանակահատվածը յուրաքանչյուր մասնակից ծրագրով նախատեսված աշխատանքներ կիրականացնի իր համայնքում:

Հայաստանյան դասընթացն ունի տեսական և գործնական բնույթ։ Ներառում է դասախոսություններ, աշխատաժողովներ, հանդիպումներ, ինչպես նաև այցելություններ պետական, գիտակրթական, մշակութային, տեխնոլոգիական հաստատություններ և հիշատակի վայրեր:

Համայնքներում մասնակիցները կիրականացնեն տեղեկատվական և համայնքային հանդիպումներ, միջհամայնքային աշխատանքների փորձի փոխանակման ձեռնարկներ, աշխատանք մեդիայի հետ:

Ծրագրին կարող են դիմել 22-35 տարեկան սփյուռքահայ այն երիտասարդները, ովքեր առնվազն 5 տարի բնակվում են Սփյուռքում, տիրապետում են հայերենին (հասկանում են և կարողանում են հաղորդակցվել), Սփյուռքի երիտասարդական կազմակերպությունների ղեկավարներ են կամ անդամներ, համայնքային, հոգևոր կառույցների ներկայացուցիչներ, համայնքի կյանքում ակտիվ ներգրավվածություն ունեցող անձինք, ունեն համայնքային ծրագրերի/միջոցառումների կազմակերպման փորձ, դասընթացի ընթացքում ձեռք բերված գիտելիքները պատրաստ են ներդնել համայնքում իրենց գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելու գործում և նպաստել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդմանը, ունեն սոցիալական հարթակների կամ լրատվամիջոցների հետ աշխատանքի փորձառություն (ցանկալի է)։

Ընտրված մասնակիցները հնարավորություն կունենան դառնալու Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի գործընկերները համայնքներում և իրենց ներգրավմամբ կընդլայնեն Սփյուռքի երիտասարդ դեսպանների ցանցը:

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն ապահովում է նրանց կեցությունն ու սնունդը Հայաստանում, մուտքը թանգարաններ, մշակութային և հասարակական վայրեր/հաստատություններ, ծրագրի հայաստանյան հատվածի շրջանակներում՝ տեղափոխման ծախսերը:

Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը 2023 թվականի հունիսի 1-ն է: Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը՝ անցնելով հետևյալ հղումով։

Հարցեր ունենալու դեպքում կարող եք կապ հաստատել diaspora.youthambassador@gov.am էլեկտրոնային փոստի միջոցով կամ զանգահարել (+374) 10 515525 և (+374) 41879453 (WhatsApp, Viber, Telegram) հեռախոսահամարներին:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ և «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի աջակցությամբ: