ԳլխավորԼուրՀայաստանս

Հայկական եռագույնը՝ Ստրասբուրգի քաղաքապետարանի շենքի վրա

Այսօրվանից Ստրասբուրգի քաղաքապետարանի շենքի վրա ծածանվելու է Հայաստանի դրոշը՝ ի նշան համերաշխության Հայաստանի և հայ ժողովրդի հետ, հայտնում են Եվրոպայի խորհրդում Հայաստանի ներկայացուցչությունից։

Նոյեմբերի 24-ին դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը, Ստրասբուրգի քաղաքապետ Ժան Բարսեղյանը, քաղաքային խորհրդի անդամ, Հայաստանին աջակցելու վերաբերյալ բանաձևի հեղինակ Պիեռ Յակուբովիչը և այլ հրավիրյալներ։

Խորհրդանշական այս քայլը նախատեսված էր Ստրասբուրգի քաղաքային խորհրդի կողմից նոյեմբերի 7-ին միաձայն ընդունված բանաձևով, որը հստակ դատապարտում է Ադրբեջանի ռազմական հարձակումը Հայաստանի վրա, կոչ անում խաղաղության հաստատման և նախատեսում աջակցություն բարեկամ Հայաստանին։

Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործվել են նաև ԱԹՍ-ներ։

Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով  հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։

Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:

Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։