Հատկապես վերջին տարիներին, հաճախ նաև անտեղի, հոգեկան տարբեր իրավիճակներ շատերը բնորոշում են սթրես բառով, նշված է ՀՀ ԱՆ-ի ֆեյսբուքյան էջում:
«Ի վերջո, ի՞նչ է սթրեսը.
Սթրեսը հոգեբանական լարվածության կամ անհանգստության վիճակ է, որը կարող է առաջանալ կյանքի դժվարին իրավիճակներում: Այն օրգանիզմի բնական ռեակցիան է, ինչն օգնում է մարդուն կենտրոնանալ և արդյունավետ գործել դժվարին իրավիճակներում:
Սակայն երկարատև և կայուն սթրեսը կարող է բացասական ազդեցություն ունենալ թե՛ հոգեկան, թե՛ ֆիզիկական առողջության վրա:
Ինչպես ճանաչել սթրեսը
Յուրաքանչյուր անձի մոտ սթրեսը կարող է դրսևորվել յուրովի: Կարևոր է ուշադրություն դարձնել այն ֆիզիկական կամ հոգեբանական փոփոխություններին, որոնք կարող են առաջանալ սթրեսային իրավիճակներում: Դրանցից որոշներն են՝
- Ներքին լարվածություն և անհանգստություն
- Դյուրագրգռություն
- Տրամադրության փոփոխություններ
- Գլխացավ
- Սրտխփոց
- Ախորժակի և մարսողության հետ կապված փոփոխություններ
- Քնի խանգարումներ:
Տևական սթրեսն ազդում է անձի թե՛ առողջության վրա` առաջ բերելով առողջական խնդիրներ, թե՛ նպաստում է արդեն առկա առողջական խնդիրների խորացմանը:
Ինչպես նվազեցնել սթրեսը
- Պահպանե՛ք կանոնավոր և բավարար քունը
- Եղե՛ք ֆիզիկապես ակտիվ
- Պահպանե՛ք աշխատանքային հիգիենան (աշխատանք- հանգիստ հավասարակշռությունը)
- Պահպանեք սոցիալական կապերը
- Կատարեք շնչառական և հանգստացնող ինքնօգնության վարժություններ:
- Եթե չեք կարողանում ինքնուրույն հաղթահարել սթրեսը, ապա դիմե՛ք հոգեկան առողջության մասնագետի:
Ապրիլ ամիսն աշխարհում նշվում է որպես սթրեսի իրազեկման ամիս: Այն ևս մեկ առիթ է հիշեցնելու հոգեկան առողջության մասին հոգ տանելու և առողջ սովորություններ ձևավորելու կարևորությունը:
Իրազեկ լինելով և ժամանակին ճիշտ միջոցներ ձեռնարկելով` կարող եք արդյունավետ կառավարել սթրեսը` հնարավորինս քիչ վնասներ հասցնելով ձեր հոգեկան ու ֆիզիկական առողջությանը»,-նշված է հաղորդագրության մեջ:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



