ԳլխավորԼուր

Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 15-ին

Երթ՝ Սուրբ Սարգիսի տոնի օրը

Երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության ու Երիտասարդների օրհնության օրն այս տարի կնշվի փետրվարի 15-ին, հայտնում է qahana.am–ը։

Այս տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով։

Տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրվա հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել զորավարի ձիու պայտի հետքին:

Ըստ ավանդույթի` սուրբ Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի, և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի մաքրություն, անաղարտություն խորհրդանշող իր սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա տվյալ հավատացյալի երազանքը:

Երիտասարդները տոնի առթիվ միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում: Տոնի օրը զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է սուրբ պատարագ, որից հետո կատարվում է երիտասարդների օրհնության կարգ: