ԳլխավորԼուր

Կորել է գյումրեցի Մարիամ Մալխասյանի տատիկի դին

Հիվանդանոց

Կորել է գյումրեցի Մարիամ Մալխասյանի տատիկի դին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Ինձ գրել և այնուհետեւ զանգահարել էր գյումրեցի Մարիամ Մալխասյանը, ով պատմեց, որ հունիսի 29-ի առավոտյան «Գրիգոր Լուսավորիչ» կլինիկայում կորոնավիրուսից մահացել է իր տատիկը, բայց տատիկի դին մինչ այս պահը իրենք չեն կարողանում գտնել:

Մի պահ թվաց աղջիկը անհաջող հումոր է անում ու որոշեցի հետը զրուցել: Մնացած պատմությունը՝ տատիկի կորած դիակի մասով, դա ամոթ ու խայտառակություն է: Տատիկը մահանում է, ինչպես արդեն ասացի, հունիսի 29-ին, և հարազատներին տեղեկացնում են, որ տատիկի դին կարող են ստանալ Աբովյան քաղաքի անատոմիկից: Երկու օր է Մարիամի եղբայրը անատոմիկում փորձում է գտնել տատիկի դին, բայց դին պարզապես չկա: Ավելին, երիտասարդը, անտեսելով վտանգը, անձամբ մտնում է անատոմիկ և դիակների մեջ փորձում գտնել իր տատիկին: Ու չի գտնում։

Բնականաբար, հարազատները դիմել են պարետատուն, որտեղից նրանց ուղղորդել են առողջապահության նախարարություն, դիմել են առողջապահության նախարարություն, որտեղից նրանց հետ են ուղարկել պարետատուն:

Վերջում դիմել են ոստիկանություն, սակայն առ այս պահը տատիկի դին չի գտնվել»,-մասնավորապես նշված է գրառման մեջ։

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը դեպքի հետ կապված պարզաբանել է, որ մինչեւ Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը` առողջապահության նախարարությունն արդեն իսկ տեղյակ է եղել դեպքից:

«Ի պատասխան Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ահազանգի, ուզում եմ տեղեկացնել, որ մինչեւ իր հայտարարությունը` առողջապահության նախարարությունն արդեն իսկ տեղյակ է եղել դեպքից: Հանգամանքները ճշտելու համար տեղեկացված է նաեւ ոստիկանությունը:

Նշեմ, որ մանրամասներն այս պահին ենթակա չեն հանրայնացման: Այնուամենայնիվ, անհրաժեշտության դեպքում կկատարվի դիակի ԴՆԹ հետազոտություն:

Խնդրում եմ դեռեւս չպարզված հանգամանքների եւ առանց մանրամասներին ծանոթանալու զերծ մնալ ենթադրություններ անելուց: Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-գրել է Ալինա Նիկողոսյանը։

Comment here