ԳլխավորԼուր

Էմմա Պողոսյանը ոսկե մեդալ է նվաճել. Հայաստանն արդեն երկամարտի 9 մեդալ ունի

Էմմա Պողոսյան

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության 81 կգ քաշային կարգայինների մրցապայքարում ՀՀ հավաքական թիմի անդամ  Էմմա Պողոսյանը ոսկե մեդալ նվաճեց և դարձավ Եվրոպայի ռեկորդակիր։ Տեղեկությունը հայտնում է Շիրակի մարզպետի աշխատակազմից։

Նա հաղթեց երկամարտի 225 կգ արդյունքով։

«Մեր մարզուհին հրում վարժությունում 129 կգ արդյունքով սահմանեց Եվրոպայի պատանեկան նոր ռեկորդ»,– նշված է գրառման մեջ։

Եվրոպայի պատանեկան առաջնությունում հաղթողի կոչումը նվաճել է նաև 89 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանը՝ երկամարտի 305 կգ արդյունքով դառնալով ոսկե մեդալակիր: Մովսիսյանը պոկել է 145 կգ, հրել՝ 160 կգ՝ արժանանալով նաև առանձին վարժությունների փոքր ոսկե մեդալներին:

ԿԳՄՍՆ-ից էլ հայտնում են, որ Հայաստանի թիմի հերթական ոսկե մեդալն ապահովել է Աննա Ամրոյանը: Մինչև 17 տարեկանների առաջնությունում Ամրոյանը 76 կգ քաշայինների պայքարում հաղթողի կոչումը նվաճել է երկամարտի 209 կգ արդյունքով (92+117 կգ)։ Պոկում և հրում վարժություններում ևս Ամրոյանն արժանացել է փոքր ոսկե մեդալներին:

Հայաստանի ներկայացուցիչներից ավելի վաղ երկամարտի արծաթե մեդալին արժանացել էր 81 կգ քաշային Հովհաննես Ղահրամանյանը՝ 312 կգ արդյունքով (140+172 կգ), իսկ կանանց 71 կգ քաշային պայքարում Ալինա Սուքիասյանը բրոնզե մեդալ էր նվաճել՝ 185 կգ արդյունքով (85+100 կգ):

Ավելի վաղ, պատանեկան ԵԱ-ի հաղթողի տիտղոսը նվաճել էին նաև Ժորա Գրիգորյանը (61 կգ) և Սերյոժա Բարսեղյանը (67 կգ), իսկ Կառլեն Դավթյանը (49 կգ) և Յուղաբեր Ամրոյանը (40 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիրներ:

Մրցումային վերջին օրը՝ հուլիսի 10-ին, մրցահարթակ դուրս կգան Ռուստամ Սահրադյանը, Աշոտ Մարգարյանը (երկուսն էլ՝ 102 կգ), և Գագիկ Մկրտչյանը (+102 կգ):