ԳլխավորԼուր

Պատերազմի մասնակիցների ճանապարհային խախտումների վարչական տույժերը կչեղարկվեն

Կառավարությունը հավանություն տվեց որոշման նախագծին, որով չեղարկվում են Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ և Արցախի քաղաքացիների կողմից սեպտեմբերի 27-ից մինչեւ դեկտեմբերի 27-ը Ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառի օրենսդրության մի շարք հոդվածների խախտումների համար սահմանված վարչական տույժերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը նշեց, որ առաջարկվում է 2 կարգավորում: «Առաջինը մի շարք խախտումների համար կիրառված վարչական տույժերի համաներման մասին օրենքի ընդունումն է, որի նախագիծն արդեն պատրաստ է: Երկրորդ կարգավորումն այն է, որ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում արդեն իսկ առկա հոդված 17-ով կարգավորվող ծայրահեղ անհրաժեշտությամբ պայմանավորված կիրառումն է: Դրա դրույթները կարող ենք կիրառել այս դեպքում: Այս երկու տարբերակներից որն էլ կիրառելի լինի, պատրաստ ենք դրա կատարմանը»,- ասաց նա:

Comment here