ԳլխավորԼուր

Վարդենիսում չեն խոչընդոտել վիրավոր զինվորի տեղափոխմանը

Տեղեկությունը, որ Գեղարքունիքի մարզում բողոքի ակցիա կազմակերպած մի խումբ քաղաքացիներ թույլ չեն տվել, որ ադրբեջանական կրակոցների հետևանքով վիրավորված զինծառայողին տեղափոխող ավտոմեքենան անցնի Վարդենիս–Երևան ճանապարհով, չի համապատասխանում իրականությանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է «Միասնական Վարդենիս» դաշինքի ավագանու անդամ Դավիթ Շահնազարյանը։

Նրա խոսքով` ակցիայի մասնակիցների մեծ մասը 44-օրյա պատերազմի մասնակիցներ են և իրենց մաշկի վրա են զգացել պատերազմի դառնությունը։ Բացի այդ, ճանապարհ փակողներից յուրաքանչյուրը կես տարուց ավելի է` ապրում է թշնամու անմիջական ներկայության պայմաններում, հետևաբար, զինծառայող, այն էլ` վիրավոր տեղափոխող շտապօգնության մեքենայի նկատմամբ չէր կարող նման վերաբերմունք լինել։

Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ դեկտեմբերի 9-ին Գեղարքունիքի մարզում ներքաղաքական խնդիրներով բողոքի ակցիա իրականացնող և Վարդենիսից մայրաքաղաք տանող ճանապարհը փակած մի խումբ քաղաքացիներ, նախօրոք տեղեկանալով, որ քիչ հետո այդ ճանապարհով անցնելու է վիրավորներից մեկին Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխող մեքենան, զորամիավորման հրամանատարի տեղակալին հայտարարել են, թե խոչընդոտելու են նշված մեքենայի ընթացքը։ Այդ պատճառով մեքենան ստիպված Երևան է հասել շրջանցող ճանապարհով։