ԱՄՆ-ն չեղարկել է ավելի քան 300 օտարերկրյա ուսանողների վիզաները, որոնք մասնակցել են հակաիսրայելական ցույցերին՝ ԱՄՆ արտաքին քաղաքականությանը դեմ շարժմանն աջակցելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հայտնում է «Դոյչե Վելլե»-ն։
«Մենք դա անում ենք ամեն օր: Ամեն անգամ, երբ ես գտնում եմ այդ խելագարներից մեկին, ես չեղարկում եմ նրա վիզան։ Մենք քեզ վիզա ենք տվել՝ այստեղ սովորելու, դիպլոմ ստանալու, այլ ոչ թե հանրային ակտիվիստ դառնալու համար։ Եթե մենք վիզա ենք տվել, իսկ դու որոշում ես դրանով զբաղվել, ապա մենք այն պարզապես վերցնում ենք»,- ասել է Ռուբիոն Գայանա կատարած այցի ժամանակ։
Ռուբիոն այս հայտարարությունն արել է՝ ի պատասխան Թաֆթսի համալսարանի թուրք ուսանողուհի Ռումեյսա Օզթյուրքի արտաքսման և վիզաների չեղարկման պատճառների մասին հարցին։ Պետքարտուղարը չի նշել, թե կոնկրետ ինչում է մեղադրվում Օզթյուրքը՝ ասելով միայն, որ իրեն տրամադրված տեղեկությունների համաձայն՝ նա համապատասխանում է վիզայի չեղարկման չափանիշներին։
Օզթյուրքը մասնակցել է պաղեստինամետ բողոքի ցույցերին և կոչ է արել իր համալսարանին խզել հարաբերությունները Իսրայելի հետ կապված ընկերությունների հետ և ճանաչել «պաղեստինյան ցեղասպանությունը»: Նա ձերբակալված է, սակայն դեռևս չի արտաքսվել ԱՄՆ-ից։
Հավելենք, որ Open Doors կազմակերպության տվյալներով՝ 2023-24 ուսումնական տարում ամերիկյան քոլեջներն ու համալսարաններն ունեցել են 1 մլն 126 690 ուսանող արտերկրից։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews