ԳլխավորԼուր

Վիսոցկին ու պատերազմը. եզակի երեկո վետերանների համար Երևանի Ռուսական տանը

Չափազանց դժվար է կատարել պատերազմական երգեր վերջին պատերազմների վետերանների համար, մանավանդ հաշվի առնելով Հայաստանում ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնեց կիթառահար, երգիչ Ռուբեն Եղոյանը արցախյան և աֆղանական պատերազմների վետերանների համար գրական-երաժշտական երեկոյից հետո, որը կազմակերպել էր Երևանի Ռուսական տունը:

Երեկոյին ներկա էին հայ վետերաններ՝ աֆղանական և արցախյան պատերազմների մասնակիցներ: Ոմանք եկել էին՝ չնայած ծանր վիրավորումներին: Ռուբեն Եղոյանը նույնպես վետերան է: Որդու՝ ակորդեոնահար Միքայել Եղոյանի հետ միասին նրանք կատարում էին Վլադիմիր Վիսոցկու պատերազմական երգերը, իսկ Ստանիսլավսկու անվան Երևանի պետական ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Արեն Խաչատրյանը ոչ միայն վարում էր երեկոն, այլեւ արտասանում էր Վիսոցկու բանաստեղծությունները:

Արցախյան պատերազմի մասնակից, հայոց բանակի սպա, գնդապետ Ստանիսլավ Երեմինը նշեց, որ Վիսոցկու երգերում ամենազարմանալին այն է, թե ինչ ճշգրտությամբ է պոետը, ով երբեք խրամատներում չի եղել, փոխանցել ռազմական գործողությունների մասնակիցների զգացմունքները:

«Վիսոցկու երգերը գրված են այնպես, կարծես նա ինքն է տեսել պատերազմի բոլոր դժվարությունները: Եվ նրանց համար, ովքեր իսկապես ամեն ինչ տեսել են, դա հոգու համար շատ մոտ, հասկանալի ու հարազատ մի բան է թվում: Բացի դրանից կա նաև կարոտ հին ժամանակներին: Ես հիշում եմ սկավառակները Վիսոցկու երգերով», — ասաց գնդապետը:

Երեկոյի ավարտից հետո վետերանները դեռ երկար ժամանակ չէին հեռանում։

Comment here