Հունիսի 3-ի ուշ երեկոյան Երևանի Սարյան փողոցում «Երևանի գինու օրեր» փառատոնի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել քաղաքացիների և ոստիկանի միջև։
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է կարմիրբերետավոր ոստիկանը հարվածում ու գետնին տապալում քաղաքացուն:
Արդեն այսօր առավոտյան ոստիկանությունից հայտնեցին, որ ոստիկանության ծառայողի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են։
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանն էլ տեղեկացրել է, որ դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ դրա սպառնալիքով)։
Նշենք, որ «Երևանի գինու օրեր» փառատոնը անցկացվում է հունիսի 2-4-ը, ժամը 16։00–22։30։