ԳլխավորԼուր

Ուժեղ երկրաշարժ Թուրքիայում ու Սիրիայում. կան զոհեր ու ավերածություններ

Երկրաշարժ Թուրքիայում

7,5 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի 6 շրջաններում, ցնցումներ են գրանցվել նաև հարևան Սիրիայում, բազմաթիվ քաղաքներում կան զոհեր ու ավերածություններ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ղահրամանմարաշ -Պազարչիկ կենտրոնում 7,4 մագնիտուդով երկրաշարժը, որը տեղի է ունեցել 04.17-ին (Երևանի ժամանակով 05.17), ինտենսիվորեն զգացվել է մերձակա նահանգներում, հատկապես Հաթայում, Ադանայում, Օսմանիեում, Դիարբեքիրում, Մալաթիայում և Շանլըուրֆայում», — ասված Է Թուրքիայի արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման վարչության հայտարարության մեջ:

Շանլըուրֆա քաղաքում, տեղի քաղաքապետի խոսքով, փլուզվել է 16 շենք, զոհվել է 15 մարդ։ Օսմանիե նահանգում, նախնական տվյալներով, փլուզվել է 34 շենք, զոհվել է 5 մարդ, իսկ Մալաթիայում ՝ 130 շենք, հայտնաբերվել են երեք զոհերի մարմիններ:

Փլուզումներ են տեղի ունեցել նաև Ղահրամանմարաշ, Ադըյամանում, Դիարբեքիրում և Մալաթիայում, հաղորդում է NTV հեռուստաալիքը:

Ուժեղ ավերածություններ են նկատվում նաև հարևան Սիրիայում։ Հալեպ քաղաքի որոշ շրջաններում բազմաթիվ շենքեր են փլուզվել: Սիրիական «Ալ Վաթան» թերթը հայտնել է, որ Համայի Ալ Արբաին թաղամասում մասամբ փլուզվել են մի քանի շենքեր։

Սիրիայում հաղորդվում է 99 զոհի ու ավելի քան 300 վիրավորի մասին։

Թուրքական իշխանություններն ավելի ուշ հայտնել են 76 զոհի ու 440 վիրավորի մասին։

Երկրաշարժին հաջորդել է առնվազն 22 հետցնցում, որոնցից ամենահզորը` 6.6 մագնիտուդով: