ԳլխավորԼուր

Մահացել է Երվանդ Մանարյանը

Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան և ռեժիսոր Երվանդ Մանարյանը։

Երվանդ Մանարյանը ծնվել է 1924 թվականին Արաքում (Իրան)։ Սովորել է տեղի Հայկազյան դպրոցում, ապա՝ Թեհրանի ամերիկյան և պարսկական քոլեջներում։

1946 թվականին ներգաղթել է Հայաստան, սովորել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, որի ռեժիսորական ֆակուլտետն ավարտել է 1952 թվականին։

Որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում և Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում։ Նկարահանել է վավերագրական և գեղարվեստական մի շարք ֆիլմեր, ինչպես՝ «Հայկական մանրանկարչություն», «Միքայել Նալբանդյան», «Կառամատույցի կրպակը», «Լույս», «Դեղերի ծնունդը», «Նորից եկավ ամառը» և այլն։

Գրել է սցենարներ «Տժվժիկ», «Տերն ու ծառան», «Սպիտակ ափեր» և այլ ֆիլմերի համար։

Մամուլում հրատարակել է պատմվածքներ և հոդվածներ։

Մանարյանը նկարահանվել է մի շարք հայտնի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Հարսնացուն հյուսիսից», «Քաոս», «Մորգանի խնամին» և այլն:

2003 թվականին Երվանդ Մանարյանին շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր արտիստի կոչում, իսկ 2005-ին՝  ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ:

2018 թվականին Երվանդ Մանարյանին շնորհվել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչում։

 

Comment here