Ո՞վ պետք է պատասխան տա այսօր Բարձրունիում զոհված իմ հրաշալի ուսանող Գերասիմ Առաքելյանի մահվան համար, գրել է ֆեյսբուքյան օգտատեր Ռուզան Ղազարյանը։
«Դեպի տիեզերք մի կիլոյանոց «արբանյակի» թռչելու վրա ուրախացող ցնդածներ, դուք ունե՞ք պատասխան տալու տիեզերական սիրո վրա հիմնված այս երջանկությունը տիեզերական մասշտաբի ողբերգության վերածելու համար․․․Ո՞վ եք դուք․․․
Գերասիմ ջան, դու այնքան հետաքրքիր տղա էիր․ այնքան զարմացա, երբ իմացա, որ ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի մեր ուսանողներից թատերախումբ ես ստեղծել, քո սցենարով ներակայացում բեմադրել ու շրջում-ցուցադրում էիք գյուղից գյուղ․․․Դու մի բարի ու հետաքրքիր մարդ էիր, բայց ամենակարևորը, որ ԴՈՒ ՄԱՐԴ էիր․․․
Չգիտեմ ինչու, միշտ իմ մտքում կայիր․ հիանում էի ձեր ընտանիքի հրաշագեղ նկարներով, իմ սիրելի ու գերազանցիկ ուսանողուհի Տաթևիկի հետ ձեր կատարյալ ներդաշնակությամբ և աստվածային սիրով․․․ Միշտ կմնաս իմ մտքում ու սրտում՝ հիմա արդեն նաև որպես իմ ու քո, մեր ՀԱՅՐԵՆԻՔԻ նահատակ զինվոր․․․»,-մասնավորապես նշված է գրառման մեջ։
Պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ այսօր՝ 14։35-ին Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ էր բացել Բարձրունու (Վայոց Ձորի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային մահացու վիրավորում էր ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Գերասիմ Ավետիքի Առաքելյանը։ 31-ամյա Առաքելյանը կոչումով լեյտենանտ էր, ուներ 3 տարեկան աղջիկ։