ԳլխավորԽոսք

Զոհված ու որբացած երեխաների մասին չմոռանաք

Երբ այսօր ձեր երեխային տանեք կենդանաբանական այգի՝ մի պահ հիշեք մի քանի օր առաջ իր հայրենիքի սահմանը պահող կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանին, որը սպանվեց օրեր առաջ՝ մայիսի 25-ին՝ թշնամու կրակոցներից։

Երբ այսօր ձեր երեխայի համար պաղպաղակ գնեք, հիշեք պայմանագրային զինծառայողներ Ա. Աբգարյանին, Ի. Սարգսյանին, Վ. Սարգսյանին, Բ. Օհանյանին, Ա. Բուդոյանին ու Վ. Ռաֆայելյանին, որոնք ընդամենը մի քանի օր առաջ՝ մայիսի 27-ին, գերեվարվեցին թշնամու կողմից ՀՀ ինքնիշխան տարածքում, ու նրանց երեխաներին։

Երբ այսօր ձեր թոռնիկի հետ զբոսնեք մանակական երկաթուղում կամ Ազատության հրապարակում, հիշեք այն մարդկանց, որոնք պապիկ կամ տատիկ չդարձան, քանի որ որդի կորցրին։ Ու այն պապիկներին ու տատիկներին, ում թոռները մնացին պատերազմից այն կողմ։

Երբ այսօր Հանրապետության հրապարակում ձեր երեխայի հետ տոնական միջոցառման մասնակցեք, հիշեք այն 5 հազար հայորդիներին, որոնց մի մասը չհասցրեց հայր դառնալ, քանի որ իրենք էին դեռ երեխա։

Շատ չէ, մի պահ միայն տոնական մտքերում տեղ տվեք նաեւ 200-ից ավելի գերիների ու անհայտ թվով անհետ կորածների զավակներին, որոնք ամեն օր սպասում են իրենց հայրիկին։ Հատկապես՝ ծննդյան ու տոնական օրերին։

Usanogh.am

Comment here