ԳլխավորԽոսքՀայաստանս

Երեկ մեր նոր սահմանագծում զոհված 19-ամյա Սուրենն է…

Սուրիկ Սաֆարյան

Երեկ Քարվաճառի ուղղությամբ մեր նոր սահմանագծում զոհված 19-ամյա Սուրենն է, ֆեյսբուքյան էջում գրել է Անի Ռափյանը:

«Մի ամիս չկա, որ դիրքում ծանոթացանք իր ու մյուս տղերքի հետ։ Ժամանակը կարճ էր, շատ չշփվեցինք, հիշում եմ միայն, որ կասկեն քանդված էր, կապեցի, բոյով էր, ձեռքերս հազիվ էին հասնում, ուզում էի, որ իր հզոր կերպարին համահունչ իդեալական լինի ամեն ինչ…

Իրեն ձիգ էր պահում, ծիծաղում էր, բայց հազիվ նշմարելի, իրեն լավ էր զգում զինվորի իր դերում, իրեն արժեք էր զգում մեր հիացական հարցուփորձերի արանքում…

Ճիշտ է, յուրաքանչյուր կորուստ մեռնելու չափ ցավալի է, բայց ցավն ավելի առարկայական, սթափեցնող ու սուր է, երբ մարդու ժպիտին պատասխանել ես, երբ ցրտից կիսակարմիր դեմքն ու ձիգ հայացքը տպվել են հիշողությանդ մեջ, երբ հավատացել ես, որ իրեն, հա հենց իրեն, ոչ մի վատ բան չի լինի…

Կար մարդը, հիմա չկա:
Կար զինվորը, հիմա չկա…

Էս անտեր իրականությունն ախր մինչև ինչքա՞ն է մեզ մաշելու՝ ֆիզիկապես ու հոգեպես…»,-նշված է գրառման մեջ։

Նոյեմբերի 22-ին, ժամը 18։10-ի սահմաններում,Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի, մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Յուրիկի Սաֆարյանը (ծնվ. 2002թ.)։