ԳլխավորԼուրԿրթություն

ԱրՊՀ-ում մեկնարկել են ատեստավորման քննությունները եւ պաշտպանությունները

Հունիսի 10-ից մեկնարկել են Արցախի պետական համալսարանի (ԱրՊՀ) բակալավրիատի առկա և հեռակա, մագիստրատուրա առկա ուսուցման համակարգերի 2019-2020 ուսումնական տարվա ավարտական կուրսերի ամփոփիչ ատեստավորման քննությունները, ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանությունները ավանդական եղանակով:

Ուսանողների` հինգ հոգուց բաղկացած խմբերի համար նախապես սահմանվել էր համալսարան ներկայանալու ժամանակացույց: Ըստ հաստատված ժամանակացույցի` ուսանողները փոքր խմբերով ներկայանում են համալսարան դիմակներով և ձեռնոցներով` հետևողականորեն պահպանելով համավարակի կանխարգելմանն ուղղված բոլոր պայմանները:

Ռեկտոր Արմեն Սարգսյանը հավաստիացրել է, որ պահպանվելու են բոլոր անհրաժեշտ պայմանները` ուսումնական տարին պատշաճ մակարդակով ավարտին հասցնելու համար:

Այս տարի շուրջ 700 շրջանավարտ է ունենալու ԱրՊՀ-ն, և, ինչպես ռեկտորն է նշել, քննարկումների և խորհրդակցությունների արդյունքում է ընդունվել ստուգումները ավանդական եղանակով կազմակերպելու վերաբերյալ որոշում, որպեսզի չլինեն բացթողումներ և թերացումներ գործընթացի արդյունավետությունն ապահովելու, գնահատումն օբյեկտիվ իրականացնելու հարցում:

Ուսանողուհի Անուշ Ավագյանը նշել է, որ ստուգումների ավանդական եղանակը, անշուշտ, գերադասելի է առցանց եղանակից, քանի որ ավանդական եղանակով ապահովված է օբյեկտիվությունը, ինչպես նաև չեն առաջանում տեխնիկական այնպիսի խնդիրներ, ինչպիսիք բնորոշ են առցանց եղանակին:

Ուսումնական գործընթացի վերահսկման բաժնի պետ Գոհար Գասպարյանի խոսքով՝ գործընթացն ընթանում է բնականոն հունով, արտառոց որևէ խնդիր առայժմ չի արձանագրվել:

Ամփոփիչ ատեստավորման քննությունները, ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանությունները կտևեն մինչև հունիսի 15-ը:

Comment here