ԳլխավորԼուրԿրթություն

Ավարտվեց դպրոցական աստղագիտական դասախոսությունների 2020թ-ի ծրագիրը

Դեկտեմբերի 17-ին ամփոփվեց Հայկական աստղագիտական ընկերության և Բյուրականի աստղադիտարանի կողմից համատեղ իրականացվող դպրոցական աստղագիտական դասախոսությունների 2020թ-ի ծրագիր, տեղեկացնում են աստղադիտարանից:

Այս տարի ծրագրի շրջանակներում անցկացվեց 23 դասախոսություն 6 մարզերում՝ Արագածոտն, Արարատ, Արմավիր, Շիրակ, Տավուշ, Վայոց Ձոր։

Դասախոսներն էին ԲԱ տնօրեն Արեգ Միքայելյանը, ԲԱ ավագ գիտաշխատողներ Հովհաննես Պիկիչյանը և Գրիգոր Բրուտյանը։

Հայկական աստղագիտական ընկերությունը և Բյուրականի աստղադիտարանը 2012թ-ից ի վեր համատեղ կազմակերպում են ամենամյա դասախոսություններ ՀՀ մարզերի և Արցախի դպրոցներում։ Ծրագրի նպատակն է կազմակերպել պրոֆեսիոնալ աստղագետների հետ հնարավորինս մեծ թվով դպրոցականների հանդիպումներ, ներկայացնել ժամանակակից աստղագիտության ուղղությունները, պատմել Վիկտոր Համբարձումյանի և Բյուրականի աստղադիտարանի նվաճումների մասին։

Դասախոսությունների ընթացքում ներկայացվում են նաև գիտության կարևորությունը, աստղագիտության կապն այլ գիտությունների և մշակույթի հետ, Հայաստանում առկա աստղագիտական կրթական ծրագրերը՝ օլիմպիադաներ, Բյուրականյան գիտաճամբարներ և այլն։

Կարևոր առաքելություններից մեկն է բացահայտել շնորհալի երեխաների՝ նրանց հետ հետագա կապի պահպանման և մասնագիտական աճին հետևելու համար։

Մինչ օրս այցելություններ են իրականացվել արդեն 200-ից ավելի դպրոցներ ՀՀ բոլոր մարզերում և Արցախում։

Ծրագրի շրջանակներում աստղադիտարանը դպրոցականներին է տրամադրում հանրամատչելի նյութեր, գրքեր, բրոշյուրներ։

Ծրագիրը հովանավորում է Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ)։

Comment here