ԳլխավորԿրթությունՈւսումնառություն արտերկրում

Էրազմուս+ կրթաթոշակներ. բուհերի միջազգայնացում և արտերկրում սովորելու նոր հնարավորություններ

Բազմաթիվ երիտասարդներ այսօր ցանկանում են սովորել արտերկրում, բայց նրանց մտահոգում են ուսման հետ կապված մեծ ծախսերը, օտար լեզվի իմացության պահանջները և դիմումի բարդ ընթացակարգերը: Այդ նպատակով Եվրամիության Էրազմուս+ ծրագիրը ֆինանսական աջակցություն է տրամադրում երիտասարդներին՝ արտերկրում կարճաժամկետ և երկարաժամկետ ուսում ստանալու, միջազգային երիտասարդական միջոցառումներին մասնակցելու և նույնիսկ պրակտիկա անցնելու ուղղությամբ:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական վարչության ռազմավարական պլանավորման բաժնի պետ Տաթևիկ Ղարիբյանը նշում է, որ ուսանողների և հետազոտողների շարժունությունը կարևոր է առաջին հերթին այն տեսանկյունից, որ նրանք արտերկրում ծանոթանում են ժամանակակից և գլոբալ միտումներին, ընդարձակվում է մտահորիզոնը, նոր մոտեցումներ են ձևավորվում, և վերադառնալով հայրենիք՝ փորձում են դրանք տեղայնացնել Հայաստանում՝ համակցելով ազգայինի հետ:

«Այդ ամենն էլ բարձրացնում է կրթության և հետազոտության որակը: Ուսանողները և հետազոտողները դառնում են մեր երկրի դեպաններն աշխարհում՝ ներկայացնելով Հայաստանի կրթագիտական համակարգը, պատմությունն ու մշակույթը: Այս ամենի արդյունքում ձևավորվում են համագործակցության նոր եզրեր, ի հայտ են գալիս նոր գործընկերներ: Խիստ կարևոր է նաև օտարերկրյա ուսանողների և հետազոտողների ներգրավումը ՀՀ կրթական համակարգին, քանի որ դա նպաստում է բուհերի միջազգայնացմանը: Մեր երկրում դեռևս ներդրման ենթակա է «Միջազգայնացում տանը» բաղադրիչը, որին աշխարհում մեծ տեղ է տրվում: Այդ բաղադրիչի ապահովման համար կարևոր են կրթության որակը, կրթական ծրագրերի համապատասխանությունը միջազգային չափանիշներին. գործոններ, որոնք ուսանողներին մոտիվացնում են, որ իրենց միջոցների հաշվին ուսումնառեն մեր երկրում: Բացի դրանից՝ օտարերկրյա ուսանողների միջոցով տեղի սովորողն անուղղակիորեն ծանոթանում է նաև այլ երկրների մշակույթին ու մտածողությանը»-, ասում է Տաթևիկ Ղարիբյանը և հավելում, որ այդ բաղադրիչի մյուս կարևոր գործոնը պետական ֆինանսավորման առկայությունն է ու համապատասխան ռազմավարության իրագործումը:

Նրա խոսքով՝ Էրազմուս+ կրթաթոշակները հնարավորություն են տալիս սովորել արտերկրում և ձեռք բերված գիտելիքով ու փորձով կիսվել համակուրսեցիների ու գործընկերների հետ: Արդյունքում՝ ուսանողներն ունենում են ավելի հստակ և լայն պատկերացում. օրինակ՝ ինչպես են տեսնում իրենց երկրի զարգացումը գլոբալ աշխարհում. «Էրազմուս+ ծրագիրը նաև կարողությունների զարգացում և շարժունություն է ապահովում բուհի դասախոսական ու վարչական կազմի համար, ինչն էլ իր հերթին նպաստում է Բոլոնիայի գործընթացից բխող հանձնառությունների կատարմանը՝ անձնակազմի վերապատրաստման միջոցով»:

Բարձրագույն կրթության ոլորտում Հայաստանի ուսանողներին, երիտասարդներին և շրջանավարտներին ԵՄ-ն առաջարկում է երկու կրթաթոշակային հնարավորություն: Առաջինը Միջազգային կրեդիտային շարժունությունն է, որը բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողներին կարճաժամկետ ակադեմիական կամ պրակտիկայի նպատակով փոխանակմամբ եվրոպական երկրներ մեկնելու, համապատասխան կրեդիտներ հավաքելու, վերադառնալու և ուսումն իր բուհում ավարտելու հնարավորություն է տալիս: Այս գործողության ներքո փորձի փոխանակումը, որը երկկողմանի է՝ Եվրոպայից Հայաստան և հակառակը, տևում է 3-12 ամիս: Հնարավոր է նաև վերը նշված երկու տեսակի շարժունության համադրում, այսինքն՝ ուսանողը կարող է ակադեմիական շարժունությամբ մեկ կամ երկու կիսամյակ արտերկրում ուսանել և պրակտիկա անցնել: Հայ դիմորդները շարժունությանը կարող են մասնակցել բոլոր մասնագիտական ուղղություններով. որևէ սահմանափակում չկա: Միակ նախապայմանն այն է, որ իր բուհն այդ մասնագիտությամբ համապատասխան պայմանագրեր ունենա եվրոպական գործընկեր բուհերի հետ:

Կրթաթոշակը թույլ է տալիս հոգալ ճամփորդական և կեցության ծախսերը: Առանձին տրվում է նաև ճամփորդական դրամաշնորհ, որպեսզի ուսանողը հնարավորինս մտահոգված չլինի ֆինանսական հարցերով և արտերկրում զբաղվի իր շարժունությամբ ու ակադեմիական աշխատանքով:

Բակալավրիական փոխանակման ծրագրին կարող են մասնակցել 2-3-րդ կուրսերի սովորողները: 1-ին և ավարտական կուրսերի ուսանողները չեն մասնակցում. վերջիններս կարող են անցնել 2-12 ամիս տևողությամբ պրակտիկա, որում ներգրավվում են նաև գործատուները: Էրազմուս+ մրցույթին մասնակցելու համար ուսանողից երկու ակնկալիք կա՝ չունենալ ցածր առաջադիմություն և տիրապետել անգլերենին: Անգլերեն լեզվի քննություն, օրինակ՝ TOEFL կամ IELTS, անհրաժեշտ չէ հանձնել, ուղղակի բուհերը թեստի կամ հարցազրույցի միջոցով պետք է ստուգեն տվյալ ուսանողի լեզվի իմացությունը: Մրցույթի ընտրությունը կատարվում է երկկողմանի. այն իրականացնում են մայր և ընդունող բուհերը:

«2015-2020 թթ. ունեցել ենք 4814 երկկողմանի շարժունության հնարավորություն՝ ներառյալ ոչ միայն ուսանողներին, այլև ասպիրանտներին, դասախոսներին, բուհերի վարչական աշխատողներին: Ծրագրում ընդգրկված է 33 եվրոպական երկիր, իսկ Հայաստանին հատկացված շարժունության ընդհանուր դրամաշնորհը կազմում է շուրջ 16 մլն եվրո: Արտասահմանցի ուսանողներ ընդունող ամենամեծ բուհերն են՝ ԵՊՀ-ն, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Եվրասիա միջազգային համալսարանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Բրյուսովի անվան պետական համալսարանը և այլն: Եվրոպայից եկող դասախոսների և վարչական կազմի շարժունությունն ավելի մեծ է, քանի որ այն կարճաժամկետ է, կրեդիտների կուտակումը և ճանաչումը բարդ չեն, և, հետևաբար, հետաքրքրությունն էլ բավականին մեծ է»,- նշում է Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի ծրագրի պատասխանատու Էդիթ Սողոմոնյանը:

Երկրորդ կրթաթոշակային ծրագիրը Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագիրն է, երբ հայ շրջանավարտներն ուսումը Եվրոպայում շարունակելու ցանկություն են հայտնում: Այն հնարավորություն է տալիս ամբողջ մագիստրատուրան անցնել 2 և ավելի եվրոպական երկրներում, ինչի արդյունքում ուսանողը ստանում է հսկայական գիտելիք, եվրոպական տարբեր երկրների կրթական համակարգերում սովորելու փորձ և համատեղ կամ բազմակի դիպլոմներ, որոնք գործատուն բարձր է գնահատում և կարիերայի համար կարևոր խթաններ են: Կրթաթոշակը հոգում է բոլոր ծախսերը՝ ներառյալ ուսման վարձը, կեցության, ճամփորդական, գրադարանային և լաբորատոր ծախսերն ու ամբողջական ապահովագրությունը:

Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունությանը դիմելու համար անհրաժեշտ է հետևել բուհի միջազգային կապերի բաժնի հայտարարություններին։ Ակադեմիական տարվա ընթացքում բուհերը կարող են հայտարարել շարժունության մի քանի մրցույթներ՝ ըստ մասնագիտական ծրագրերի և բարձրագույն կրթության մակարդակների՝ ուսանողներին հնարավորություն տալով մի շարք եվրոպական բուհերում մասնակցել փոխանակման տարբեր ծրագրերի։ Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունություն գործողության մասին ընդհանուր տեղեկատվությունը հասանելի է Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի կայքէջում։

Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական կրթաթոշակային ծրագրերի դիմորդների հայտադիմումներն ընդունում են յուրաքանչյուր տարվա աշնանից։ Ծրագրերի մասին ընդհանուր տեղեկատվությունն ու դեպի ծրագրերի ցանկ հղումը հասանելի են հետևյալ հղմամբ։

Բարձրագույն կրթության ոլորտում Էրազմուս+ ծրագրի նորություններին և թարմացումներին կարելի է հետևել Էրազմուս+ ազգային գրասենյակի կայքէջում ու սոցիալական էջերի միջոցով՝ https://www.facebook.com/neoarmhttps://twitter.com/ErasmusArmenia, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարության escs.am կայքում և erit.am կայքում:

Comment here