ԳլխավորԼուրԿրթություն

Ի՞նչ սարքեր են հայտնաբերվել քննությունից հեռացված 6 դիմորդների մոտ․ մանրամասնում են ԳԹԿ-ից

Միասնական քննություններից հեռացված 6 դիմորդներից մեկի մոտ ականջակալ է հայտնաբերվել և հեռախոս, մյուս 5-ի մոտ` հեռախոս, բնականաբար, եղել են նաև օգտվելու փորձեր. այս մասին Usanogh.am-ին տեղեկացրեց Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարեց` միասնական քննությունների շրջանակում հեռացվել է 6 դիմորդ. նրանց մոտ հայտնաբեևվել են տեխնիկական միջոցներ: Բացի այդ` 8 դիմորդ փորձել է քննության չներկայանալ բժշկական տեղեկանք ներկայացնելու միջոցով:

Խաչանուշ Գրիգորյանը հիշեցրեց` քննական կարգը, որը հաստատված է կառավարության կողմից, հստակ սահմանում է, որ դիմորդները չեն կարող քննասենյակ կապի որևէ միջոց, այդպիսիք հայտնաբերելու դեպքում,անկախ այն բանից`դիմորդն օգտագործել է տվյալ միջոցը, թե ոչ, կարող է հեռացվել քննասենյակից:

«Երեխաները մանրակրկիտ ստուգվում են, բայց նրանք հնարամիտ են, չեմ բացառում, որ կիրառում են այնպիսի հնարավորություններ, որոնք դեռ բացահայտման կարիք կունենան: Սա նաև մեր հանրային վարքականոնի խնդիրն է, հատկապես պետք է բացառել այն պրոցեսը, որի շրջանակում ուսուցիչն է մասնակցում կեղծիքին»,-այսօր ԱԺ-ում ասաց Ժաննա Անդրեասյանը:

Ինչ վերաբերում է բժշկական տեղեկանք ներկայացնելու միջոցով քննություններից խուսափողներին, Խաչանուշ Գրիգորյանը շեշտեց, որ տարիներ առաջ դիմորդները բժշկական տեղեկանք ներկայացնելով` հնարավորություն էին ստանում հայտագրվել լրացուցիչ փուլում և քննություն հանձնել, հետո, սակայն, այդ կարգը վերացվեց, քանի որ չարաշահումներ շատ էին լինում. «Իսկ կոնկրետ այս 8 դեպքի մասին դեռևս ոչինչ չեմ կարող ասել, մանրամասներ դեռ հայտնի չեն»:

Հավելենք, որ  այս տարի 9-րդ դասրաանն ավարտում են ավելի քան 35 հազար, իսկ միասնական քննություններ են հանձնում ավելի քան 13 հազար սովորողներ, ավարտական քննություններ հանձնողները շուրջ 21 հազար են: