ԳլխավորԼուրԿրթությունՈւսումնառություն արտերկրում

Հայաստանից 250 դիմորդ կարող է անվճար սովորել ՌԴ բուհերում

Երկու հարյուր հիսուն հայ դիմորդ, չնայած տարբեր արտաքին հանգամանքներին, կկարողանան անվճար կրթություն ստանալ ռուսական բուհերում։ Այս մասին Sputnik Արմենիայի-ն հայտնել է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» (Երևանի Ռուսական տուն) ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը «Կրթությունը Ռուսաստանում. Երևան –2022» ցուցահանդեսի ժամանակ։

Ինչպես նշել է Ֆեֆիլովը, երկու օրվա ընթացքում դիմորդները կարող են ամբողջական տեղեկատվություն ստանալ ռուսական բուհերի կրթական և գիտական ներուժի, ուսուցման մեթոդների մասին, ինչպես նաև ուսումնասիրել օտարերկրյա քաղաքացիների համար անվճար կրթության ծրագիրը:

«Մեր հոգսերից մեկը Ռուսաստանում կրթության գրավչության բարձրացման աշխատանքն է։ Պետք է ժամանեին 36 ռուսական բուհերի ներկայացուցիչներ, բայց, ցավոք, իրավիճակի պատճառով, որի մասին բոլորս գիտենք, շատերը չեն եկել։ Այժմ ցուցահանդեսին մասնակցում են 13 ռուսական բուհերի ներկայացուցիչներ։ Դրանք ոչ միայն ամենաամուրն են, այլև լավագույններն են»,-ասել է Երևանում ռուսական տան ղեկավարը։

Ֆեֆիլովը հիշեցրել է, որ անցյալ տարի ևս ՌԴ բուհերում անվճար սովորելու հնարավորություն է ստացել Հայաստանից 250 դիմորդ: Նա վստահ է, որ բոլոր այդ ուսանողները կդառնան բարձր որակավորում ունեցող մասնագետներ և Ռուսաստանի բարեկամներ:

Երևանում Ռուսական տան կրթական ծրագրերի համակարգող Մարիա Ավանեսովան իր հերթին հստակեցրել է, որ Հայաստանից դիմորդները կարող են կրթություն ստանալ ամենահեղինակավոր ռուսական բուհերում ցանկացած մասնագիտության գծով (ընդհանուր` 50 ուղղություն):

Բայց ավանդաբար ամենապահանջված ուղղությունները մնում են բժշկությունը, իրավագիտությունը, տնտեսությունը, մենեջմենթը, միջազգային հարաբերությունները և այլն։

Նա ընդգծեց, որ ռուսական բուհեր կարող են ընդունվել ոչ միայն բակալավրիատում, այլև մագիստրատուրայում և ասպիրանտուրայում սովորելու համար:

Ավանեսովան նշել է նաև, որ հայտերի ներկայացման ժամկետները դեռևս չեն հայտարարվել, սակայն շատ շուտով գործընթացը կսկսվի։ Ընդունելությունը կտևի երկու ամիս։