ԳլխավորԼուր

Ուսանողների միջազգային օրն է

Ուսանողները Հայաստանում

Ուսանողների միջազգային օր (International Student’s Day) կամ ուսանողների միջազգային համերաշխության օրն է։ Ամենամյա այս տոնը նշվում է նոյեմբերի 17-ին։

1939 թվականի հոկտեմբերի 28-ին՝ ֆաշիստների կողմից գրավված Չեխոսլովակիայում, ուսանողները և դասախոսները դուրս են գալիս փողոց, որպեսզի նշեն Չեխոսլովակիայի պետության կազմավորման (1918-ի հոկտեմբերի 28) տարեդարձը։ Սակայն խաղաղ ցույցը ցրվում է զավթիչների կողմից։ Այդ իրադարձությունների ժամանակ գնդակահարվում է բժշկական ֆակուլտետի ուսանող Յան Օպլետալը, ում հուղարկավորությունը վերածվում է բողոքի ակցիայի, ձերբակալվում են տասնյակ ուսանողներ։

Նոյեմբերի 17-ի վաղ առավոտյան գեստապոյականներն ու էսէսականները շրջապատում են ուսանողական հանրակացարանները։ Շուրջ 1200 ուսանող ձերբակալվում և ուղարկվում է Զաքսենհաուզենի համակենտրոնացման ճամբար: Տասնյակ ուսանողներ ու շարժման ակտիվիստներ բանտի պատերից ներս՝ առանց դատի մահապատժի են ենթարկվում։ Հիտլերի հրամանով չեխական բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունները փակվում են մինչև պատերազմի ավարտը։

Երկու տարի անց, Լոնդոնում տեղի է ունենում ֆաշիզմի դեմ պայքարող ուսանողների միջազգային հանդիպում, որի ժամանակ որոշվում է ի հիշատակ նահատակ հայրենասեր ուսանողների նոյեմբերի 17-ը ամեն տարի նշել որպես ուսանողի օր։

1946 թվականի նոյեմբերի 17-ին՝ Պրահայում ընթացող Ուսանողների համաշխարհային կոնգրեսը այդ օրը հռչակում է Ուսանողության միջազգային օր։

Հայաստանում որպես ուսանողների և երիտասարդների օր նշվում է նաեւ մայիսի 16-ը։

Comments (1)

  1. […] որ Ուսանողների միջազգային օրը նշվում է նոյեմբերի […]

Comment here