Հունվարի 29-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) «Քրեական արդարադատության բարեփոխումների» ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանին, տեղեկացնում են ՀՀ Արդարադատության ակադեմիայի լրատվական ծառայությունից։
Հանդիպման ընթացքում Քրիստինա Աֆոյանը ներկայացրեց Վաշինգտոնի գրասենյակի կողմից հաստատված 2 նոր ծրագիր, որոնց շահառուն Արդարադատության ակադեմիան է: Համաձայն առաջին՝ «Արդարադատության ակադեմիայի ուսուցման ծրագրերի մշակում» ծրագրի՝ նախատեսվում է համապատասխան փորձագետների ներգրավմամբ մշակել 5 նոր դասընթաց Ակադեմիայի ունկնդիրների համար: Ծրագիրը նախատեսվում է ավարտել 2022 թվականի մարտին:
Երկրորդ ծրագիրը կոչվում է «Հեռավար ուսուցման ծրագրերի մշակում Հայաստանի Արդարադատության ակադեմիայի համար», ըստ որի նախատեսվում է համատեղ մշակել 9 դասընթաց: Սրանք այն դասընթացներն են, որոնք մշակվել էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության «Քրեական արդարադատության բարեփոխումների» ծրագրի շրջանակում և առկա ուսուցման եղանակով դասավանդվում են Ակադեմիայում՝ «Կոռուպցիոն դեպքերի քննությունը», «Պաշտոնական կոռուպցիայի դեպքերի քննությունը», «Ներքին ուսումնասիրություններ (քննություն)», «Կալանք և այլընտրանքային խափանման միջոցներ», «Գենդերի հիման վրա կատարվող բռնարարքների քննությունը», «Անչափահաս կամ փոքրամասնության խմբին պատկանող իրավախախտների իրավունքների պաշտպանությունը», «Ֆինանսական հանցագործություններ և եկամուտների հայտարարագրման խախտումներ՝ կապված կոռուպցիայի հետ», «Անդրազգային հանցավորության և մտավոր սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննությունը և դրանց դեմ պայքարը», «Դատական իշխանության անկախություն և թափանցիկություն»:
Ծրագրի վերջնաժամկետ է սահմանված 2022 թվականի հունիսը:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։