ԳլխավորԼուր

Հանդիպում Ռուբեն Վարդանյանի հետ ԲՊՀ-ում

Երեկ ԲՊՀ-ն հյուրընկալել էր  «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» շարժման համանախաձեռնող Ռուբեն Վարդանյանին, ով մեկ ժամ տևողությամբ զրույց-դասախոսություն ունեցավ համալսարանի ուսանողների և դասախոսների մասնակցությամբ:

Նախքան հանդիպման մեկնարկը ԲՊՀ ռեկտոր Կ. Հարությունյանը Ռ. Վարդանյանին որոշ մանրամասներ ներկայացրեց համալսարանի վերաբերյալ, մասնավորապես խոսվեց ԲՊՀ-ի կողմից առաջարկվող կրթական ծրագրերի բազմազանության, համալսարանում ուսուցանվող լեզուների, ուսանողների կողմից առնվազն երեք օտար լեզու սովորելու հնարավորության և մի շարք այլ մանրամասների մասին:

Ռ. Վարդանյանը հետաքրքրվեց ուսանողների թվի, նրանց համար ստեղծված հնարավորությունների, արտերկրում ուսումը շարունակելու պայմանների մասին:

Ռ. Վարդանյանը շնորհակալություն հայտնեց հրավերի համար և ներկաներին ներկայացրեց «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնությունը, ինչպես նաև մասնակիցների հետ քննարկեց նախաձեռնության 15 նպատակներն ու այդ նպատակներին հասնելու հնարավոր ուղիները։

Իր խոսքում բանախոսը հատուկ կարևորեց նախաձեռնողականության դերը երիտասարդների կյանքում, նրանց կողմից մշտապես ավելին սովորելու ձգտումը և արարելու ջիղը: Նա ընդգծեց, որ ցանկացած նախաձեռնությունից առաջ չափազանց կարևոր է նպատակի հստակ սահմանումը, ապա նաև այն կարողությունների ձեռքբերումը, որոնք կնպաստեն սահմանված նպատակին հասնելուն: Այստեղ նա չափազանց կարևոր համարեց լեզուների իմացությունը, լավ սովորելը և իրապես մասնագետ դառնալու վերջնարդյունքը, և ոչ թե սոսկ ավարտական վկայական ստանալը:

Ուսանողներն իրենց հուզող հարցերը հղեցին բանախոսին, ինչի շնորհիվ հանդիպումը դարձավ ինտերակտիվ և չափազանց հետաքրքիր:

Հիշեցնենք, որ «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» հանրային նախաձեռնություն է՝ մեկնարկած հայերի և ամբողջ աշխարհից Հայաստանի բարեկամների կողմից:

Հավաքական այս նախաձեռնության շրջանակում աշխարհի տարբեր ծայրերից շուրջ 300 անձանց մասնակցությամբ մշակվել է 15 նպատակների ցանկ՝ միտված Հայաստանի զարգացմանը որպես հիմնասյուներ:

Այն մեկնարկել է նախաձեռնող խմբի կողմից, որը բաղկացած է 10 անձից՝ Ելենա Աբովյան, Ռիչարդ Ազարնիա, Արթուր Ալավերդյան, Նուբար Աֆեյան, Դավիթ Թավադյան, Թալար Կազանչյան, Արմեն Մկրտչյան, Արման Ջիլավյան, Ռուբեն Վարդանյան և Արմեն Օրուջյան:

The Future Armenian («ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ») նախաձեռնությունը կապված չէ քաղաքական որևէ խմբի կամ կազմակերպության հետ:

Comment here