Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի մերձակա Գոստոմել բնակավայրում արդեն երկրորդ օրն է՝ մարտեր են ընթանում, կրակահերթեր ու պայթյուններ են լսվում Վորզելում ու Կիևի հյուսիսային Օբոլոն ու Վինոգրադար շրջաններում, տեղեկացնում է korrespondent.net-ը։
Որոշ լրատվամիջոցներ հայտնում են, որ մայրաքաղաք տանող կամուրջներ են պայթեցվել՝ ռուսական տանկերի առաջխաղացումը կանխելու համար։
Հավելենք, որ Կիևում մի քանի ժամում մոտ 10 հազար ավտոմատ է բաժանվել աշխարհազորայիններին։
Իրադրությունը Դոնբասում սրվել է փետրվարի 17-ին։ Փետրվարի 19-ին ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի առաջնորդները համընդհանուր զորահավաքի հրամանագրեր ստորագրեցին ապա դիմեցին ՌԴ-ին՝ ճանաչման խնդրանքով։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին դիմեց ռուսաստանցիներին և հայտարարեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու իր որոշման մասին:
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան էլ նա հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Փետրվարի 24-ի դրությամբ՝ ՌԴ զինված ուժերը, ըստ ռուսաստանյան լրատվամիջոցների, թիրախային հարվածներով ոչնչացրել են ուկրաինական 84 ռազմական օբյեկտ։