ԳլխավորԼուր

Յուրի Հովհաննիսյանին շնորհվեց ԵՊՀ պատվավոր պրոֆեսորի կոչում

Յուրի Հովհաննիսյան

Այսօր ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի ինֆորմացիոն կենտրոնի բացմանը նվիրված միջոցառում և Յուրի Հովհաննիսյանին ԵՊՀ պատվավոր պրոֆեսորի կոչում շնորհելու հանդիսավոր արարողություն:

Բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը.

«Այսօր մեզ համար իրապես պատվավոր օր է, քանի որ ԵՊՀ-ում է աշխարհահռչակ գիտնական Յուրի Հովհաննիսյանը, ում պատվին անվանակոչված է Մենդելեևի աղյուսակի 118-րդ տարրը: Մենք միշտ ընդգծել ենք գիտնականի դերի կարևորությունը, և այսօր էլ, ի դեմս Յուրի Հովհաննիսյանի, ևս մեկ անգամ ընդգծում ենք՝ գիտնականը հասարակության էլիտան է»:

ԵՊՀ ռեկտորը, անդրադառնալով կոչում շնորհելու որոշմանը, նշեց. «Երբ նախաձեռնեցինք ԵՊՀ-ում միացյալ գիտահետազոտական կենտրոն բացելու գործընթացը և տեղեկացանք, որ Յուրի Հովհաննիսյանը գալու է Հայաստան, իմ կողմից ԵՊՀ գիտական խորհրդի անդամներին առաջարկ եղավ Յուրի Հովհաննիսյանին ԵՊՀ պատվավոր պրոֆեսորի կոչում շնորհելու վերաբերյալ, ինչին ԳԽ անդամները միաձայն կողմ արտահայտվեցին»:

Պատվավոր պրոֆեսորի կոչում ստանալուց հետո Յուրի Հովհաննիսյանը անդրադարձավ Մենդելեևի աղյուսակում իր ղեկավարությամբ հայտնաբերված 112-118 տարրերի անվանակոչմանը՝ նշելով, որ 118-րդ տարրը սկզբնապես ցանկացել է անվանակոչել «Armenia», սակայն հնարավոր չի եղել, քանի որ Ar քիմիկան տարրն արդեն կար աղյուսակում:

Հանդիսավոր արարողության ավարտին ԵՊՀ-ի, Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի և Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջև եռակողմ համաձայնագիր կնքվեց ՝ համաձայն որի ԵՊՀ-ում բացվելու է Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի ինֆորմացիոն կենտրոն: