2022/23 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ՝ այսօր կայացել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի՝ «Սպորտուս» հենակետային քոլեջի բացման հանդիսավոր արարողությունը։ Տեղեկությունը հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ՀՖԿՍՊԻ ռեկտոր Դավիթ Խիթարյանը, քոլեջի տնօրեն Նելլի Սարգսյանը, ինստիտուտի պրոֆեսորադասախոսական անձնակազմը, ուսանողներ, ծնողներ:
Քոլեջում կրթությունն իրականացվելու է «Ֆիզիկական կուլտուրա և սպորտ», «Բուժական մերսում», «Զբոսաշրջություն և թիկնապահական գործ» մասնագիտություններով։ «Սպորտուս» հենակետային քոլեջը կունենա շուրջ 95 սան:
ՀՖԿՍՊԻ հենակետային քոլեջն իր առաջին սաներին ընդունում է վերակառուցված և վերանորոգված մասնաշենքում: Դավիթ Խիթարյանի խոսքով՝ մասնաշենքի այդ մասն ինստիտուտի ամենաանմխիթար հատվածն էր, բայց այժմ ամբողջությամբ վերանորոգվել է, շուտով կավարտվի նաև կահավորման գործընթացը: Ռեկտորի գնահատմամբ՝ ուսումնառության համար բարեկարգ պայմաններն ու ժամանակից կահավորումն անպայմանորեն նպաստելու են սաների արդյունավետ կրթության ապահովմանը:
Քոլեջի առաջին սաներին ողջունել և հաջող ուսումնական տարի է մաղթել նաև տնօրեն Նելլի Սարգսյանը:
Նշենք՝ «Սպորտուս» հենակետային քոլեջի առաջին սաների կազմում են տարբեր մարզաձևերի Հայաստանի հավաքականների 9 անդամներ, այդ թվում՝ Եվրոպայի մարմնամարզության երիտասարդների 2022 թվականի առաջնության կրկնակի փոխչեմպիոն Համլետ Մանուկյանը: Միջոցառման ընթացքում քոլեջի տնօրեն Նելլի Սարգսյանը 15-ամյա Համլետ Մանուկյանին է հանձնել պատվոգիր՝ Հայաստանի Հանրապետության մարզական պատիվը բարձր պահելու համար:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ռեկտոր Դավիթ Խիթարյանի և Նելլի Սարգսյանի ուղեկցությամբ ծանոթացել է քոլեջի ենթակառուցվածքային պայմաններին, եղել դասասենյակներում և ընթերցասրահում: