ԳլխավորԼուր

Մշակվել է ՄԿՈՒ հաստատությունների անվանակոչության կարգը. նախագիծ

Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջ

ՀՀ-ում գործում են շուրջ 80 նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններ, սակայն մինչ օրս առկա չէ իրավական ակտ՝ այդ հաստատությունների անվանակոչության պայմանների և պահանջների վերաբերյալ:

Այդ նպատակով ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկմանն է ներկայացրել «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների անվանակոչության կարգի» նախագիծը:

Ըստ նախագծի՝ նախնական և միջին մասնագիտական պետական ուսհաստատության անվանակոչման մասին որոշումներն ընդունում է հաստատության լիազոր մարմինը՝ ըստ ենթակայության։

Անվանակոչման վերաբերյալ առաջարկություններ կարող են լիազոր մարմին ներկայացնել ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, համապատասխան ուսումնական հաստատությունը, պետական կոլեգիալ մարմինը՝ խորհուրդը, իրավաբանական և ֆիզիկական անձինք: Անվանակոչման վերաբերյալ առաջարկը ստանալուց հետո լիազոր մարմինը մեկամսյա ժամկետում քննարկում է ներկայացված առաջարկությունը և ընդունում որոշում՝ հաստատության անվանակոչման կամ գործող անվանումն անփոփոխ թողնելու մասին:

Անվանումներ (անվանական կամ թվային) տրվում են`

  • նոր կառուցվող կամ հիմնադրվող ուսումնական հաստատություններին,
  • անանուն ուսումնական հաստատություններին,
  • միայն թվային անվանում կրող ուսումնական հաստատություններին,
  • ուսումնական հաստատության անվանումը փոխելու որոշում կայացրած հաստատություններին,
  • ուսումնական հաստատությունների անվանումները կանոնավորելու դեպքում,
  • ուսումնական հաստատության անվանման փոփոխության դեպքում,
  • ուսումնական հաստատության նոր գործառույթների ավելացման կամ ուղղվածության (արվեստ, սպորտ, գյուղատնտեսություն և այլն) նշելու դեպքում:

Ուսումնական հաստատությունները կարող են անվանակոչվել՝

  • ֆիզիկական անձանց անունով կամ ոչ առևտրային կազմակերպությունների անվամբ, եթե այդ անձինք կամ կազմակերպությունները նշանակալից ներդրում ունեն պետական ուսումնական հաստատության հիմնանորոգման, վերակառուցման գործում,
  • ուսումնական հաստատության աշխատակցի կամ շրջանավարտների անունով՝ ուսումնական հաստատության միջազգայնացման և վարկանիշը բարձրացնելու գործում ունեցած ավանդի, հայրենիքին մատուցած ծառայությունների համար,
  • պետական շինարարության, տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, արվեստի բնագավառներում, առողջապահության, սպորտի զարգացման ոլորտներում, օրինականության ամրապնդման, հայրենիքի պաշտպանության և պետության անվտանգության ապահովման գործում նշանակալի ավանդ կամ նշված բնագավառների և ոլորտների զարգացման գործում ակնառու հաջողություններ ունեցած կամ բարեգործական ակտիվ գործունեություն ծավալած անձանց կամ որոշակի ժամանակահատվածում տեղի ունեցած պատմական իրադարձությունների անուններով, տարեթվերով կամ ամսաթվերով:

Անվանակոչված ուսումնական հաստատության անվանումը կարող է փոփոխվել միայն այն անվանակոչելուց առնվազն 20 տարի հետո՝ համապատասխան հիմնավորումների առկայության դեպքում՝ կարգով սահմանված պահանջներին համապատասխան:

Այսպիսով՝ նախագծի ընդունման պարագայում այսուհետ ուսումնական հաստատությունների անվանակոչությունները կիրականացվեն սահմանված կարգով: