ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ցանկություն է հայտնել «Գոյ» թատրոնում դիտելու Գարեգին Նժդեհի մասին ներկայացումը. Usanogh.am-ին հայտնեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանը:
Դեռևս մեկ ամիս առաջ հայտնի դարձավ, որ «Գոյ» թատրոնը լուծարվում է. վարչական մասը կրճատվում է, իսկ ստեղծագործական կազմը միավորվում է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հետ: Նախարարությունից վստահեցրել են, որ լուծարման պարագայում «Գոյ»-ը կարող է ընդլայնել իր հնարավորությունները: Թատրոնի անձնակազմը, սակայն, դեմ է նախագծին և շարունակում է իր «գոյամարտը»:
Երբ թատրոնի փակման մասին լուրերը տարածվեցին, գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանը համոզմունք հայտնեց, որ դրա պատճառներից մեկն էլ թատրոնի խաղացանկում «Գարեգին Նժդեհ. իրական առասպել» ներկայացման ընդգրկումն է: Այս ֆոնին ուշագրավ է նախարարի հայտնած ցանկությունը:
Երբ օրեր առաջ «Գոյ» թատրոնի չորս ներկայացուցիչ ԿԳՄՍՆ-ում հանդիպել են նախարարի հետ, այդ ժամանակ էլ Ժաննա Անդրեասյանը հայտնել է իր ցանկության մասին։
«Թերևս թատրոնի բարձրացրած աղմուկը մեծ էր, և դրանից խուսափելու համար նախարարը հանդիպեց մերոնց: Թատրոնի ներկայացուցիչները այդ հանդիպման ժամանակ ասել էին` եկեք ծանոթացեք մեր գործունեությանը: Նախարարն ասել էր, որ կգա, բայց ուզում է Նժդեհի մասին ներկայացումը դիտել: Թատրոնի ներկայացուցիչները դրական տպավորություններով էին վերադարձել: Նկատել էին որոշակի տեղաշարժ նախարարության դիրքորոշման հարցում»,-մեզ հետ զրույցում նշում է Արթուր Սահակյանը:
Նրա խոսքով` թատրոնն իր բնականոն աշխատանքներով է զբաղված, բայց նաև սպասողական վիճակում է. «Բազմիցս հրավիրատոմսեր ենք ուղարկել նախարարություն, բայց անտեսվել ենք, հիմա թատրոնը նախարարին կընդունի իբրև սովորական հանդիսատեսի»:
Նշենք, որ «Գարեգին Նժդեհ. իրական առասպել» ներկայացումը նախատեսված է ապրիլի 28-ին. այդ օրը, հավանաբար, կլինի բաց ցուցադրություն Գ. Նժդեհի արձանի մոտ, հաջորդ ցուցադրությունը կլինի մայիսի 2-ին: