ԳլխավորԼուր

Բացառիկ մանրամասներ՝ 166 դպրոցում տեղի ունեցած ծեծի դեպքից

Շտապօգնության ավտոմեքենա

Այսօր Երևանի Արտեմ Միկոյանի անվան 166 հիմնական դպրոցում մի քանի տղամարդիկ ծեծի են ենթարկել 9-րդ դասարանի տղաներին: Այս մասին հայտնում են Usanogh.am-ի աղբյուրները:

Մեր տեղեկություններով` 166 դպրոցի 8-րդ դասարանցի մի տղա սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել նույն դասարանի մի աղջկա հասցեին, աղջիկն էլ ասել է, որ կզանգի եղբայրներին, որոնք հաշվեհարդար կտեսնեն նրա հետ։

«Աղջկա եղբայրները ծառայում են բանակում, նրանք գալ չէին էլ կարող: Արդյունքում 9-րդ դասարանի տղաները, ի դեպ, շատ լավ սովորող, հրաշալի տղաներ, մոտեցել են հայհոյող տղային և ամոթանք տվել նրա արարքի համար: Հայհոյող տղան զգացել է, որ իր արարքի տակից կարող է դուրս չգալ, զանգել է հորը, ասել է` արի, ինձ ծեծել են: Բայց նման բան չի եղել:

Դրանից հետո հայհոյող տղայի հայրը մի քանի թիկնեղ տղամարդկանց հետ մտել է դպրոց, բացարձակապես ուշադրություն չդարձնելով ուսուցիչների ներկայությանը, անգամ` նրանց հրելով` նրանք 9-րդցիներից մեկի քիթն են ջարդել, մյուսի` կզակը: Բոլորը տեսել են կատարվածը: Ընդ որում, տղամարդիկ, մտնելով դպրոց, պահակին խաբել-ասել են` մեզ կանչել են դպրոց: Չնայած, եթե պահակն իրազեկված լիներ, միայնակ չէր էլ կարող ոչինչ անել 5-6 տղամարդու դեմ»,-հայտնում են մեր աղբյուրները:

Usanogh.am-ը տեղեկացավ, որ դպրոց ներխուժած տղամարդիկ եղել են անադեկվատ հոգեվիճակում: Ուսուցիչները ծեծկռտուքից անմիջապես հետո ահազանգել են ոստիկանություն: Հիմա նրանցից ոմանք քաղմասում հարցաքննվում են: Մեր տեղեկություններով` դպրոցի տնօրեն Մարգարիտ Քուշկյանը երկրում չէ, արձակուրդում է: Usanogh.am-ն ավելի վաղ ներկայացրել էր դեպքի առնչությամբ ՀՀ ոստիկանության պարզաբանումը: