Սեպտեմբերի 19-22-ը Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլ քաղաքում տեղի կունենա Հայ-ռուսական երիտասարդական համաժողով, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Համաժողովի նպատակն է ակտիվ երիտասարդների միջև գործընկերային հարաբերությունների ստեղծումը, փորձի փոխանակումը և միջազգային հարաբերությունների ամրապնդումը։
2023 թ. համաժողովը կանցկացվի Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանում՝ ՌԴ երիտասարդության հարցերի դաշնային գործակալության, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության և ՀՀ երիտասարդական հասարակական կազմակերպությունների աջակցությամբ:
Համաժողովին կարող են մասնակցել երիտասարդական հասարակական կազմակերպությունների 18-35 տարեկան ներկայացուցիչներ, բուհերի ուսանողներ, երիտասարդ առաջնորդներ, փորձագիտական և գործարար համայնքի, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունում և Հայաստանի Հանրապետությունում երիտասարդական քաղաքականություն իրականացնող կառույցների ներկայացուցիչներ:
Համաժողովը կիրականացվի հետևյալ երեք ուղղություններով՝
- կամավորական աշխատանք,
- երիտասարդական ձեռներեցություն,
- երիտասարդական տուրիզմ:
Համաժողովի պաշտոնական լեզուն ռուսերենն է:
Մասնակցների հայտերի ընտրության ժամանակ առաջնահերթությունը կտրվի կամավորական աշխատանքների իրականացմանը և համանման միջազգային համաժողովներին մասնակցության փորձառությանը։
Համաժողովի ընտրության արդյունքում կձևավորվի ՀՀ պատվիրակության կազմ:
ՀՀ պատվիրակության, մասնակիցների համաժողովին մասնակցության ճանապարհածախսը, կեցությունը և սնունդը հոգում է հրավիրող կողմը:
Համաժողովին մասնակցության համար հարկավոր է մինչև 2023 թվականի օգոստոսի 31-ը գրանցվել հետևյալ հղմամբ՝ https://tinyurl.com/43jccec6:
Հարցերի դեպքում զանգահարել՝ +(37410) 599 641 կամ +(37410) 599 642 հեռախոսահամարներով: