ԳլխավորԼուր

«‎Երեխայի իրավունքները երեխաների աչքերով». համաժողով

Հունիսի 1-ին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ մարդու իրավունքների աշխատակազմի և ՄԱԿ Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ կազմակերպված «‎Երեխայի իրավունքները երեխաների աչքերով» խորագրով միջոցառումը։

Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Անդրեա Վիկտորինը և ԱՀ մարդու իրավունքների պաշպան Գեղամ Ստեփանյանը։

Միջոցառման ընթացքում բանախոս երեխաները հանդես են եկել անհատական և խմբային ելույթներով, որտեղ ներկայացրել են իրենց իրավունքների իրացման հետ կապված խնդիրներ: Երեխաների ելույթները վերաբերում էին 3 հիմնական թեմաների՝ կրթությանը և սոցիալական ներառմանը, հասարակությունում և ընտանիքում երեխաների պաշտպանվածությանը և անվտանագությանը, ինչպես նաև բուլինգին և խտրական վերաբերմունքին:

Կրթության և սոցիալական ներառման թեմայի շրջանակում անդրադարձ է կատարվել կրթության ոլորտի բացերին, մասնավորապես, երեխաների կրթության իրավունքի իրացման խոչընդոտներին, բոլորի համար հավասար հնարավորությունների ստեղծման անհրաժեշտությանը և լսողության խնդիրներ ունեցող երեխաների համար հաղորդակցման ու իրենց իրավունքների իրացման համար առկա դժվարություններին:

Ներկայացվել են նաև հասարակությունում և ընտանիքում երեխաների պաշտպանության և անվտանգության հարցեր։ Մասնակիցները խոսել են երեխաների համար կիբեռանվտանգության կարևորության, պատերազմի՝ որպես երեխայի իրավունքների կոպիտ ոտնահարման երևույթի մասին, ինչպես նաև երեխաների նկատմամբ ընտանիքում հարգանքի կարևորության մասին։ Երեխաները նաև խոսել են դպրոցներում բուլինգ արատի և խտրականության մասին, ինչը միայն ի վնաս է աշխատում նրանց անձի կայացման և ապագայի համար։

Ելույթներից հետո երեխաները համաժողովի մասնակիցների հետ միասին անց են կացրել քննարկումներ, որտեղ առաջարկել են բարձրացված խնդիրների համար լուծումների իրենց տարբերակները։

Միջոցառումը շարունակվել է «Թումո» այգում (պար, երաժշտություն, խաղեր)։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հատուկ շնորհակալություն է հայտնել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին միջոցառումը հյուրընկալելու համար։

Միջոցառմանը մասնակցում էին շուրջ 400 երեխաներ՝ առցանց և առկա ձևաչափերով Արցախից և Հայաստանի տարբեր մարզերից։