ԳլխավորԼուր

Այսօր երեխաների 33 տոկոսը օրական 4 ժամից ավելի անցկացնում է համացանցում. ՅՈՒՆԻՍԵՖ

«Երեխաների դիմակայունության ամրապնդում և պաշտպանություն կազմակերպված կիբեռհանցավորությունից և առցանց վնասներից» ծրագրի մեկնարկի ժամանակ

Վերջին երկու տարվա հետազոտության տվյալներով՝ ամբողջ աշխարհում 15-25 տարեկան երեխաների 70 տոկոսն ակտիվորեն օգտագործում է համացանցը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի «Երեխաների դիմակայունության ամրապնդում և պաշտպանություն կազմակերպված կիբեռհանցավորությունից և առցանց վնասներից» ծրագրի մեկնարկի ժամանակ հայտարարել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը։

«Սա նշանակում է, որ մենք կարիք ունենք վերանայելու առցանց տիրույթում երեխաների անվտանգությունն ապահովող մեր մոտեցումները: Այսօր երեխաների 33 տոկոսը օրական 4 ժամից ավելի անցկացնում է համացանցում: Ծնողների 64 տոկոսը խնդրում է երեխաներին՝ օգնել կողմնորոշվելու թվային տիրույթում, և 2 տոկոսն է միայն, որ կարող է ուղղորդել երեխաներին և վստահ է զգում իրեն համացանցում: Հասկանում ենք, որ կարիք կա նպաստելու երեխաների, ծնողների, ուսուցիչների կարողությունների աճին, որպեսզի կարողանանք օգնել երեխաներին մի կողմից օգտվել համացանցի հնարավորություններից, մյուս կողմից՝ օգնել անել դա ապահով եղանակով»:

Քրիստինե Վայգանդի խոսքով՝ այս ծրագրի շրջանակում համագործակցելով ՀՀ կառավարության հետ՝ օրենսդրության և քաղաքականության դաշտում կմշակվեն այն լուծումները, որոնք թույլ կտան իսկապես ավելի լավ պաշտպանություն ունենալ առցանց տիրույթում գտնվող երեխաների համար:

Ծրագիրն իրականացվում է Մեծ Բրիտանիայի հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի ֆինանսավորմամբ:

Միջոցառմանը ներկայացվել են թվային միջավայրում երեխաների պաշտպանության վերաբերյալ ՅՈՒՆԻՍԵՖ-ի մոտեցումները և «Թվային միջավայրի հետ կապված ռիսկերը և հնարավորությունները Հայաստանի երեխաների համար» հետազոտության արդյունքները: Ներկայացվել է նաև CoMedia նախագիծը, որը մեդիագրագիտության հավելված է (սեղանի խաղ դեռահասների համար): Այն հեղինակել են մի խումբ երիտասարդներ: