ԳլխավորԽճանկար

Ինչ կարող են անել ծնողները իրենց երեխաներին թվային աշխարհում պաշտպանելու համար

երեխա, հեռախոս, սպասում

Կորոնավիրուսը բոլորիս փակել է տանը ու ստիպել ապրել առցանց կյանքով։ Սա մարտահրավեր է բոլորի համար՝ թե՛ ծնողների, թե՛ ուսուցիչների, թե՛ երիտասարդների, թե՛ դպրոցական ու թե՛ ավելի փոքր տարիքի երեխաների համար։ Եթե որոշ ժամանակ առաջ «ապրում ենք թվային աշխարհում» պնդմանը վերապահումով էինք մոտենում, ապա այսօր, արդեն առանց նույնիսկ մեկ գրամ չափազանցնելու, հաստատում ենք այդ պնդումը։ Սա բոլորիս համար նոր մարտահրավեր է, և բոլորս էլ նոր ենք սովորում ապրել այսպիսի աշխարհում։

Ու եթե սովորական աշխարհում վտանգները շատ են, ապա թվային աշխարհում դրանք հազարապատիկ են, քանի որ թվային աշխարհը անսահման է ու հասանելի բոլորին։ Եվ ինչպես սովորական աշխարհում, այնպես էլ՝ թվային աշխարհում ծնողները պետք է ամեն ինչ անեն իրենց երեխաներին պաշտպանելու համար։

Ներկայացնում ենք երկու երեխաների մայր, ՅՈՒՆԻՍԵՖ-ի արդարադատության մատչելիության ծրագրի ղեկավար Վիկտորիա Օհանյանի խորհուրդները՝  համացանցում երեխաներին պաշտպանելու վերաբերյալ։ 

-Ինչ կարող են անել ծնողները իրենց երեխաներին թվային աշխարհում պաշտպանելու համար։

-Քանի որ այս արտակարգ դրությամբ պայմանավորված երեխաներին տալիս ենք համացանցից օգտվելու լայն հնարավորություններ՝ ուրեմն պարտավոր ենք ապահովել նրանց անվտանգությունը համացանցում ևս։ Ծնողներին առաջարկում ենք կատարել այս հիմնական քայլերը.

1. Հենց այսօր փոխել առցանց հաթակների կարգավորումները։ Պետք է թե՛ համակարգչային վարակներից պաշտպանող ծրագրեր տեղադրել համակարգչի մեջ և թե՛ փոխել բոլոր այն հարթակների կարգավորումները, որոնցից երեխաները հաճախ են օգտվում։ Պետք է դա անել հենց այսօր, քանի որ հենց այսօր բոլոր երեխաները ակտիվորեն օգտվում են համացանցից։ Սրա հետ մեկտեղ՝ կան մատչելի այլ ծրագրեր, որոնց շնորհիվ կարող եք վերահսկել երեխայի թվային հետքը՝ այցելած կայքերը, ստացած հաղորդագրությունները և այլն։ Այստեղ հայալեզու տեսանյութեր կան, որոնց մեծ մասը հաստատված է Կրթության նախարարության կողմից։ Իսկ այստեղ, ճիշտ է՝ անգլալեզու, բայց համացանցում երեխաներին անվտանգ պահելու օգտակար հղումներ կարող եք գտնել։

Իհարկե, պետք է հիշել մի կարևոր բան. ճիշտ չի լինի օգտագործել այս իրավիճակը երեխայի հետ փոխվստահության միջավայրը տոտալ վերահսկողության միջավայրի վերածելու համար։ Ամենաճիշտն այն է, որ երեխայի հետ միասին նստեք և ավելի ապահով դարձնեք կարգավորումները՝ երեխային բացատրելով, թե ինչու է սա արվում և ինչու է կարևոր։

2. Համացանցում երեխաների հետ միասին որոշակի ժամանակ անցկացրեք: Փորձեք հինգ-տասը-տասնհինգ րոպե երեխայի հետ միասին նստել համակարգչի, հեռախոսի կամ պլանշետի մոտ։ Մասնակցե՛ք նրա գործողություններին, խոսե՛ք այս կամ այն բանի մասին, խորհուրդ հարցրեք, արձագանքեք։ Այսպիսով՝ երեխայի հետ փոխվստահության հարաբերություններ կկառուցեք նաև թվային կյանքում։ Սակայն հիշեք, որքան էլ որ վերահսկողությունը կարևոր է ու պետք է լինի անընդհատ, երեխաների մոտ չպետք է ստեղծվի անձնական կյանք չունենալու զգացողություն։ Հակառակ դեպքում, վարակի հետ կապված առանց այն էլ այս տագնապային իրավիճակը ավելի կսրացնեք։

3. Հասանելի եղե՛ք և լսե՛ք ձեր երեխաներին։ Քանի որ երեխաներին անընդհատ կոչ ենք անում դիմել ձեզ իրենց մտահոգող հարցերի դեպքում, դուք պետք է զինված և պատրաստված լինեք։ Ժամանակն է բարձրացնել նաև մեդիագրագիտության ձեր աստիճանը, որպեսզի ճիշտ խորհուրդներ տաք երեխաներին։ Կարող եք դիմել համակարգչային ծանոթ մասնագետների, որոնք կհուշեն, թե ինչպես պաշտպանել երեխային ոչ հարիր բովանդակությունից, կիբերբուլիինգից, անձնական տվյալների կորուստից և այլն։ Եթե անգամ չգիտեք այս կամ այն հարցի պատասխանը, օգտվե՛ք առիթից և երեխայի հետ միասին պատասխանը գտեք։ Այսպիսով, երեխան կտեսնի, թե խնդրին առերեսվելու դեպքում, ինչպես կարելի է փնտրել և գտնել լուծումներ՝ օգտագործելով վստահելի տիրույթներ։ Սա անձնական փորձով առցանց տիրույթում երեխային ուղղորդելու շատ լավ օրինակ է։ Սա նաև ծնողների համար լավ հնարավորություն է՝ կրճատելու այն անդունդը, որը մեր սերունդների միջև կա առցանց տեխնոլոգիաների ընկալման և կիրառման առումով։

Ամբողջությամբ՝ այստեղ։

Comment here