2023 թ. սեպտեմբերի 19-20-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվել է 223 մարդ, որոնցից 25-ը քաղաքացիական անձինք են։ Զոհերի թվում կա 5 անչափահաս։ 244 մարդ վիրավորում է ստացել, որոնցից 80-ը քաղաքացիական անձինք են։ 20 անհետ կորած կա, որոնցից 5-ը քաղաքացիական անձինք են:
Այս տեղեկությունը Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ին տված հարցազրույցում հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։
Լեռնային Ղարաբաղից արցախահայության բռնի տեղահանման ժամանակ 70-ից ավելի մարդ է մահացել, հայտնել է նա ու ընդգծել, որ ՔԿ-ն նախաձեռնել է քրեական վարույթ էթնիկ զտման վերաբերյալ, և արցախահայտության բռնի տեղահանման հանգամանքները բացառապես քննվում են այդ շրջանակներում:
«Արձանագրվել են երկու տասնյակ դիակի նկատմամբ անարգանքի դեպքեր, այդ մասով ունենք դիակների զննություններ և փորձաքննության եզրակացություններ»,- հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահը:
Բաքվում մնում է 23 հայ գերի, նրանցից 17-ը հայտնվել են այնտեղ սեպտեմբերյան ագրեսիայից հետո, 2023–ի սեպտեմբերին գերեվարվածներից 8-ը ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության նախկին ներկայացուցիչներ են։ ՔԿ-ն տվյալներ ունի նաև 44-օրյա պատերազմի հետևանքով 32 քաղաքացու բռնի անհետացման վերաբերյալ, ինչն Ադրբեջանը հերքում է։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։