ԳլխավորԼուր

Հավելավճար կստանան միայն ամբողջական դրույքով աշխատող գիտաշխատողները. ՏԵՍԱՆՅՈւԹ

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման բազային ծրագրերում ներգրավված և առնվազն աշխատաժամանակի նորմալ տևողությամբ աշխատող գիտական աշխատողներին գիտական աստիճանի համար ամենամսյա հավելավճարի տրամադրման չափը և կարգը սահմանելու մասին» որոշման նախագիծը:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարի գնահատմամբ՝ գիտության ոլորտում զարգացման քաղաքականությունը շարունակելու ուղղությամբ վարձատրության համակարգի հստակեցումը կարևոր քայլ է:

«ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներում կարևոր տեղ է զբաղեցնում փաստացի գիտաշխատողների լրիվ զբաղվածության համարժեքության ցուցանիշը 1 մլն բնակչի հաշվով: Սա ցույց է տալիս գիտաշխատողների այն համամասնությունը, որոնք ունեն լրիվ զբաղվածություն և իրականացնում են գիտական գործունեություն: Հայաստանում այս ցուցանիշը բավական ցածր է»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանն ու տեղեկացրել, որ մեր երկրում 1 մլն բնակչի հաշվարկով այդ ցուցանիշը մոտ 830 է, որով մենք էականորեն զիջում ենք այլ երկրների, այդ թվում՝ տարածաշրջանում:

ԿԳՄՍ նախարարն այս համատեքստում շեշտել է գիտաշխատողների՝ ամբողջական զբաղվածությամբ գիտական գործունեությամբ զբաղվելը խրախուսելու քաղաքականության կարևորությունը:

Նոր փոփոխություններով կանոնակարգում են գիտական աստիճանի համար հատկացվող հավելավճարի տրամադրման պայմանները՝ հավելավճարի չափը պահպանելով նույնը (գիտությունների դոկտորին` 50 000 դրամ, գիտությունների թեկնածուին` 25 000 դրամ): Սահմանվում է, որ հավելավճար կստանան միայն այն գիտաշխատողները, որոնք ունեն գիտական աստիճան, ներգրավված են պետական ֆինանսավորման բազային ծրագրերում և աշխատում են աշխատաժամանակի առնվազն ամբողջական ծանրաբեռնվածությամբ:

ԿԳՄՍ նախարարի խոսքով, ըստ նախնական դիտարկումների, ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման շրջանակում իրականացվող ծրագրերում ներգրավված գիտական աստիճան ունեցող 2162 անձանցից շուրջ 778-ը (36 %) հանդիսանում են համատեղությամբ կամ ոչ լրիվ ծանրաբեռնվածությամբ աշխատողներ: Ժաննա Անդրեասյանը հույս է հայտնել՝ այս կերպ կխրախուսվի, որ նրանք նույնպես անցում կատարեն ամբողջական ծանրաբեռնվածությամբ գիտական աշխատանքի:

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է նաև, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նոր նախագծում փոխվել է գիտական աստիճանաշնորհման մոտեցումը՝ երկաստիճան համակարգից անցում կատարելով միաստիճան համակարգին: