ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այսօր ներկա է եղել Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի առաջին կուրսի ուսանողների երդման արարողությանը:
Մանկավարժական համալսարանի շուրջ 600 ուսանող երդվել է՝ դպրոց մտնել բարձր պատասխանատվությամբ և հավատարիմ մնալ մանկավարժի կոչմանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը շնորհավորել է ուսանողներին հիշարժան և գեղեցիկ ավանդույթ դարձած միջոցառման առթիվ։ «Մանկավարժական համալսարանի ուսանող լինելը պատասխանատվություն է, ուսուցիչ լինելը` մասնագիտություն լինելուց բացի՝ նաև կոչում և առաքելություն։ Այսօրվա ձեր երդումը կարծես յուրատեսակ խորհուրդ ունի. այն կնիք է, որ հաստատում է ձեր նվիրումն ուսուցչի առաքելությանը»,- ասել է Ալֆրեդ Քոչարյանը՝ հավելելով, որ լավ մասնագետ դառնալով՝ նրանք կարող են նպաստել երկրի զորացմանը:
Ուսանողներին շնորհավորել է նաև բուհի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը. «Միասին պետք է լինենք ուսուցչական համակազմի այն լավագույն ներկայացուցիչները, որոնք դիմակայելու են կրթության մարտահրավերներին և լինելու են զարգացման ու ձեռքբերումների առաջամարտիկները»:
Նշենք, որ երդման արարողության օրն ընտրվել է՝ ի պատիվ Խաչատուր Աբովյանի ծննդյան օրվա:




