ԱրցախԳլխավորԼուր

Սեպտեմբերի 19–ը կնշվի որպես Արցախի ժողովրդի բռնի տեղահանության օր

Արցախցի բռնի տեղահանվածները Գորիսում

Սեպտեմբերի 19–ը կնշվի որպես Արցախի Հանրապետության ժողովրդի բռնի տեղահանության և պահանջատիրության օր, հայտնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովից։

«Ողջ աշխարհին է հայտնի, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից մեկնարկված լայնամասշտաբ ռազմական ագրեսիան ընդդեմ Արցախի Հանրապետության սկսվել է 2023 թ. սեպտեմբերի 19–ին։ Այդ օրը դաջված է Արցախի ժողովրդի պատմական հիշողության մեջ։ Այդ նպատակով սեպտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստում ընդունվել է օրենք «Արցախի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, համաձայն որի` սեպտեմբերի 19-ը այսուհետ կնշվի որպես Արցախի Հանրապետության ժողովրդի բռնի տեղահանության և պահանջատիրության օր։»,– ասված է հայտարարության մեջ։

Նշվում է, որ Արցախի ժողովուրդը շարունակելու է պայքարն իր իրավունքների ճանաչման և վերականգնման համար, հանուն արժանապատիվ կյանքի և գոյության։

2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական ագրեսիա ձեռնարկեց Արցախի Հանրապետության դեմ։ 44-օրյա պատերազմի հետեւանքով ադրբեջանցիները ժամանակավորապես օկուպացրել են Արցախի տարածքի գրեթե 75 տոկոսը, թշնամու վերահսկողության տակ են անցել այդ թվում Շուշին ու Հադրութը։

2023 թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում սկսեց՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով Արցախը, այդ թվում՝ Ստեփանակերտը։ ոչ պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։

Սեպտեմբերի 24-ից սկսվեց արցախցիների զանգվածային տեղափոխությունը ՀՀ։ Արցախից բռնի տեղահանվեց 115 365 մարդ, այդ թվում՝ մոտ 30 հազար երեխա։

Սեպտեմբերի 28-ի առավոտյան հրապարակվեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագիրը, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ, մինչ այդ կլուծարվեն կառավարության ենթակայության բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews