Իսրայելական անօդաչու թռչող սարքը հարձակվել է Լիբանանի պետական համալսարանի մասնաշենքերից մեկի վրա, զոհվել են երկու գիտաշխատողներ, որոնք այդ պահին գտնվել են աշխատավայրում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է համալսարանի ռեկտոր Բասամ Բադրանը։
«Իսրայելական անօդաչու թռչող սարքի հարվածն իրենց ֆակուլտետի տարածքում գտնվող դասախոսներին ակնհայտ ռազմական հանցագործություն է, և Իսրայելը պետք է պատասխանատվության ենթարկվի դրա համար»,- ասել է Բադրանը:
Ըստ ռեկտորի, Ճշգրիտ գիտությունների ֆակուլտետի առաջին բաժնի տնօրեն դոկտոր Հուսեյն Բազին և քիմիայի և կենսաքիմիայի դասախոս դոկտոր Մորթադա Սուրուրը, ինչպես և մյուս դասախոսները, շարունակում էին այցելել իրենց ֆակուլտետներ վարչական աշխատանք կատարելու համար այն բանից հետո, երբ Բեյրութի Հադաս շրջանում գտնվող համալսարանը փակվեց իսրայելական գնդակոծությունների պատճառով:
Բադրանը նշել է, որ ֆակուլտետի տնօրենի և մի շարք վարչական և դասախոսական անձնակազմի ներկայությունը համալսարանում պայմանավորված է եղել կոնֆլիկտի պատճառով ֆակուլտետների հարկադիր փակումից հետո հեռավար ձևաչափով ուսումնական գործընթացը շարունակելու նախապատրաստմամբ:
Հիշեցնենք` ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իսրայելն իր հերթին հարվածներ է հասցնում նաև Լիբանանին՝ հայտարարելով, որ դրանք ուղղված են «Հըզբոլլահի» դեմ, սակայն բազմաթիվ են քաղաքացիական անձանց թիրախավորելու դեպքերը։
Լիբանանի կառավարությանն առընթեր ճգնաժամային կենտրոնի տվյալներով՝ մարտի 10-ի դրությամբ Լիբանանին Իսրայելի կողմից հասցված հարվածներից առնվազն 570 մարդ է զոհվել, 1444-ը՝ վիրավորվել։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



