Երևանի պետական համալսարանի հրաձգարանում անցկացվեց ՀՀ ուսանողական մարզական 27-րդ խաղերի՝ հրաձգության հավաքական թիմերի առաջնությունը, որին մասնակցեցին հանրապետության 7 բարձրագույն ուսումնական հաստատությունների թիմեր։ ԵՊՀ հրաձգության հավաքական թիմը մրցույթում զբաղեցրեց մրցանակային առաջին տեղը։
Մրցումներին մասնակցում էին Երևանի պետական համալսարանի, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի, Վանաձորի պետական, Հայաստանի պետական տնտեսագիտական, Հայաստանի ազգային ագրարային, Եվրոպական և Հայաստանում ֆրանսիական համալսարանների հավաքականները։
Մրցումներն անցկացվեցին միջազգային չափանիշներին համապատասխան՝ 10 մետր հեռավորությունից, կանգնած դիրքից կրակաձգության ձևաչափով։ Թիմային մրցույթում յուրաքանչյուր բուհ ներկայացնում էր 6 մարզիկ՝ 3 աղջիկ և 3 տղա։
ԵՊՀ հրաձգության հավաքական թիմը թե՛ տղաների, թե՛ աղջիկների մրցապայքարում գրավեց մրցանակային առաջին տեղը՝ ապահովելով համալսարանի հերթական մարզական հաջողությունը ուսանողական խաղերում։
Մրցումների շրջանակում անցկացվեց նաև անհատական առաջնություն։ Աղջիկների մրցապայքարում առաջին տեղը զբաղեցրեց ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի 4-րդ կուրսի ուսանող Անի Գաբրիելյանը։ Տղաների անհատական մրցույթում նույն ինստիտուտի 3-րդ կուրսի ուսանող Գոռ Բադալյանը զբաղեցրեց մրցանակային երրորդ տեղը։
Մրցումների արդյունքներով երկրորդ տեղը զբաղեցրեց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը, իսկ երրորդ տեղը՝ Վանաձորի պետական համալսարանը։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews





