Շրիլանկացի ապագա բժիշկներն ապրիլի 14-ին Բժշկական համալսարանի ուսանողական հանրակացարանում նշեցին Արևային ամանորը, հայտնում են ԵՊԲՀ-ից։
Ուսանողներին շնորհավորելու էր եկել ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը։
«Մեզ համար մեծ ուրախություն է և պատիվ ներկա գտնվել ձեր ազգային տոնակատարությանը: Ես ամբողջ համալսարանի անձնակազմի, ռեկտորատի և Գիտական խորհրդի անունից ուզում եմ սրտանց շնորհավորել ձեզ ազգային տոնի առթիվ: Կարծում եմ, որ յուրաքանչյուր նոր տարի կրում է, առաջին հերթին, նոր հույսեր: Համոզված եմ, որ այն մասնագիտությունը, որը դուք ընտրել եք, ձեզ ամեն օր բերելու է հույսով լի աչքեր: Եվ ես ուզում եմ, որ այս տոնը ձեզ ամեն անգամ հիշեցնի, թե ինչքան մարդ է սպասելու ձեր օգնությանը, և ամեն տարին ամփոփելիս կուզենամ, որպեսզի ձեր ծնողների աչքերի մեջ նաև հպարտություն տեսնեք: Հավատացնում եմ ձեզ, որ, արդարացնելով հույսերը, այդ հպարտությունը կտեսնեք նաև մեր աչքերում: Եվ, իհարկե, ես ուզում եմ, որ դուք, ձեր երիտասարդ տարիներն անցկացնելով Հայաստանում, առաջին հերթին, լինեք երջանիկ: Ցանկանում եմ, որ ձեզ ուղեկցեն մարդկային ջերմությունը, առողջությունը և սերը», — ջերմորեն մաղթեց բուհի ղեկավարը:
Միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը ևս շնորհավորեց շրիլանկացի ապագա բժիշկներին, նրանց հարազատներին և ծնողներին տոնի առթիվ:
«Համալսարանի հիմնական առաքելությունները, իմ կարծիքով, երկուսն են. պատրաստել լավ բժիշկ-մասնագետներ և ձևավորել բժշկի կերպարը: Համալսարանը ստեղծել է այն միջավայրը, որտեղ սովորում է 34 երկրի 18 ազգության ուսանող: Մենք ցանկանում ենք, որպեսզի բոլորը շփվեն միմյանց հետ և ծանոթ լինեն միմյանց ազգային արժեքներին: Շրիլանկացի ուսանողներն այս առումով բավականին ակտիվ են: Նրանք կարողանում են ցույց տալ իրենց ժողովրդի մշակույթը և արվեստը: Այսօր այդ օրերից մեկն է: Ցանկանում եմ, որ լավ սովորեք` օգտվելով այն բոլոր հնարավորություններից, որ տալիս է ձեզ համալսարանը», — եզրափակեց իր բարեմաղթանքները պրոռեկտորը:
Օտարերկրացիների ուսուցման աշխատանքների դեպարտամենտի ղեկավար Գայանե Ավետիսյանը, շնորհավորելով ուսանողներին, նկատեց.
«Այստեղ սովորում է շրիլանկացի ուսանողների արդեն 6-րդ սերունդը։ Դուք շատ բարձր առաջադիմություն եք ցուցաբերում կրթական գործընթացում։ Կրտսեր ուսանողերը պետք է օրինակ վերցնեն ավագ սերնդից։ Դուք գիտեք, որ ձեր մասնագիտությունը շատ պատասխանատու է, և, որպես ապագա բժիշկներ, դուք լույս եք վառում ձեր պացիենտների աչքերում՝ նրանց մեծ հույս տալով։ Այս կարևոր և հատուկ օրը մաղթում եմ ձեզ բոլորիդ, ձեր ընտանիքներին և ձեր երկրին խաղաղ կյանք, բարգավաճում, սեր, առողջություն», — նշեց Գայանե Ավետիսյանը։
Հանդիսավոր տոնակատարությանը ուսանողները ներկայացել էին ազգային գեղեցիկ հագուստով։ Մոմավառության խորհրդանշական արարողությանը հաջորդեցին ազգային ուտեստների հյուրասիրությունը և մշակութային համարների ներկայացումը:
Նշենք, որ բժշկական համալսարանում բարձրագույն կրթություն է ստանում ավելի քան 150 շրիլանկացի ուսանող:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews









