Տալլինում անցկացվող Հրաձգության աշխարհի առաջնությունում՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևում երիտասարդ աղջիկների պայքարում հերթական փայլուն մրցելույթը ունեցավ Աիդա Ազատյանը, հայտնում են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից։
Որակավորման փուլում վաստակելով 561 միավոր հայ մարզուհին առաջին հորիզոնականով դուրս եկավ կիսաեզրափակիչ։
Կիսաեզրափակչում Ազատյանը 6։4 հաշվով հաղթեց ուկրաինացի մրցակցին և նվաճեց եզրափակչի ուղեգիր։
Թեժ մրցակցության պայմաններում եզրափակիչ փուլում Ազատյանը 8։6 հաշվով առավելության հասավ մրցակցի նկատմամբ՝ դառնալով երիտասարդների աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն։
Առաջին ոսկին այս առաջնությունում Աիդա Ազատյանը նվաճել էր հուլիսի 21-ին՝ շարժվող թիրախ խառը վազք մրցաձևում։
Սա Հայաստանի հավաքականի հինգերորդ ոսկին էր։ Ավելի վաղ՝ հուլիսի 23-ին շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության նորմալ վազք մրցաձևում Գոռ Խաչատրյանն ու Հայկ Մինասյանը ոսկե ու բրոնզե մեդալներ էին նվաճել։ Հուլիսի 21-ին էլ հայ մարզիկները անհատական պայքարում 2 ոսկի էին շահել։ Տղամարդկանց անհատական պայքարում Հայկ Մինասյանն էր 384 միավորով գրավել առաջին տեղը (դա աշխարհի առաջնությունում Հայաստանի առաջին ոսկե մեդալն էր հրաձգությունից), իսկ կանանց երիտասարդների աշխարհի առաջնությունում հրաձիգ Աիդա Ազատյանն էր 379 միավոր արդյունքով հռչակվել չեմպիոն։
Հուլիսի 22-ին էլ Հայաստանի հավաքականը շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարում հռչակվեց աշխարհի չեմպիոն։
Հիշեցնենք, որ Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում հրաձգության աշխարհի առաջնությանը մասնակցում են 17 երկրի շուրջ 80 հրաձիգ։ Այն անցկացվում է հուլիսի 20-26-ը։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews


