Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում հուլիսի 20-ից 26-ը անցկացված շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը հանդես եկավ բարձր մակարդակով՝ գրանցելով պատմական հաջողություններ, հայտնում են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից։
Մրցաշարին մասնակցող Հայաստանի պատվիրակությունը բաղկացած էր 12 մարզիկներից որոնք նվաճեցին ընդհանուր 9 մեդալ՝ 5 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե։
Հայաստանի հրաձգության հավաքականը պատմության մեջ առաջին անգամ ունեցավ աշխարհի չեմպիոններ։
Մեծահասակների պայքարում աշխարհի չեմպիոնի կոչման արժանացան Հայկ Մինասյանը և Գոռ Խաչատրյանը։
Հաջողությունը շարունակվեց նաև թիմային պայքարում։ Հայկ Մինասյան, Գոռ Խաչատրյան և Հովհաննես Մարգարյան եռյակը շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևում դարձավ աշխարհի չեմպիոն։
Երիտասարդների աշխարհի առաջնությունում իր բացառիկ արդյունքով առանձնացավ Աիդա Ազատյանը, որը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի հաղթող։
Հայաստանի ներկայացուցիչները թիմային մեդալներ նվաճեցին նաև մյուս մրցաձևերում։ Արծաթե մեդալի արժանացավ տղամարդկանց թիմը՝ Հայկ Մինասյան, Գոռ Խաչատրյան և Հովհաննես Մարգարյան կազմով՝ խառը վազք մրցաձևում զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը։
Բրոնզե մեդալների շարքում առանձնացավ Հայկ Մինասյանի անհատական նվաճումը։ Բացի այդ, հայկական թիմը ևս երկու բրոնզե մեդալ գրանցեց 50 մետր խառը և նորմալ վազք մրցաձևերի թիմային պայքարում՝ կրկին Հայկ Մինասյան, Գոռ Խաչատրյան և Հովհաննես Մարգարյան կազմով։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews


