Հայաստանի լեռնային և նախալեռնային շրջանների կայուն զարգացումը՝ բնակավայրերի պահպանումն ու զբոսաշրջության ուղիների ընդլայնումը, ԵՊՀ հետազոտողների ուշադրության կենտրոնում է, հայտնում են Մայր բուհից։ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ընդհանուր աշխարհագրության ամբիոնի վարիչ Արսեն Գրիգորյանը և նույն ամբիոնի դոցենտ Վահագն Գրիգորյանը մշակել են լեռնային շրջանների կայուն զարգացման նոր մոդել։
Նրանց գիտական հոդվածը՝ «Հայաստանի Հանրապետության լեռնային շրջանների կայուն զարգացման մոդելները և սկզբունքները» խորագրով, ներկայացվել է «Scopus» գիտատեղեկատվական շտեմարանում ընդգրկված միջազգային պարբերականներից մեկին և այժմ գտնվում է գրախոսության փուլում։
Արսեն Գրիգորյանը և Վահագն Գրիգորյանն ուսումնասիրել են միջազգային փորձը (օրինակ՝ Նեպալի, Բոլիվիայի, Շվեյցարիայի)՝ այն տեղայնացնելով Հայաստանի բնական ռեսուրսներին և սոցիալ-տնտեսական պայմաններին համապատասխան։ Նրանց առաջարկած նոր մոդելը հիմնված է մի քանի փոխկապակցված ուղղությունների վրա՝ «կանաչ» զբոսաշրջության զարգացում, տեղական բնական և մշակութային ռեսուրսների արդյունավետ օգտագործում, ենթակառուցվածքների բարելավում և համակենտրոնացված ծառայությունների ստեղծում։
Լեռնային բնակավայրերի ժողովրդագրական խնդիրները. ինչո՞ւ են դրանք դատարկվում
Չնայած բնական և պատմամշակութային հարուստ ռեսուրսներին՝ Հայաստանի լեռնային ու նախալեռնային բնակավայրերն այսօր բախվում են ժողովրդագրական լուրջ խնդիրների։
Հետազոտողների հոդվածի առանցքում Հայաստանի այն լքված կամ «մարող» բնակավայրերն են, որոնք ՀՀ Կառավարության կողմից ճանաչվել են որպես նախալեռնային և լեռնային բնակավայրեր: Հեղինակներն ուսումնասիրել են դրանց բնությունը, պատմամշակութային արժեքը, սոցիալ-տնտեսական վիճակը, ենթակառուցվածքներն ու զարգացման հեռանկարները:
Հետազոտողները բերում են մի քանի ակնառու օրինակներ։
Ծաղկաձոր և Հանքավան։ Ըստ Վահագն Գրիգորյանի՝ թեև Ծաղկաձորը զբոսաշրջային հանրահայտ կենտրոն է, սակայն տեղի մշտական բնակչությունը խորհրդային տարիների համեմատ նվազել է ավելի քան 700-ով՝ այսօր կազմելով 1100-ից մի փոքր ավել։ Բացատրելով սրա տնտեսական պատճառը՝ նա ընդգծում է. «Այստեղ հողերը շատ թանկ են։ Մարդը վաճառում է իր բնակարանը չափազանց թանկ գնով և ընդամենը մի քանի կիլոմետր այն կողմ՝ Հրազդան քաղաքում, գնում է երեք-չորս սենյականոց բնակարան։ Բնակիչները վաճառում են, իսկ ներդրողները, օրինակ, երեք տան տեղում հյուրանոց կամ բարձրահարկ շենք են կառուցում։ Ստացվում է, որ հյուրընկալության ինդուստրիան զարգանում է, բայց քաղաքը մշտական բնակիչների առումով «մարում է»։ Նույն միտումը կա նաև Հանքավանում, որը ևս ռեկրեացիոն գոտի է։ Ավելանում են աշխատատեղերը, մասնավորապես սպասարկման ոլորտում, բայց բնակավայրը «մարում է»․ այսօր 100-ից պակաս բնակիչ է մնացել»։
Ջերմուկ։ Վահագն Գրիգորյանի հավաստմամբ՝ այս առողջարանային քաղաքն ունի սահմանային դիրքի և աշխատատեղերի բացակայության ազդեցությունը։
«Եթե 1989 թվականին Ջերմուկն ուներ շուրջ 10 500 բնակիչ, ապա այսօր բնակչությունը կրճատվել է՝ հասնելով 4000-ի։ Չնայած ռեկրեացիոն ինդուստրիան զարգանում է, այստեղ հաճախ ներգրավվում են ոչ թե տեղի, այլ դրսից եկած մասնագետները»,- հավելում է նա:
Հետազոտողների համոզմամբ՝ չնայած զբոսաշրջային հոսքին՝ առողջարանային քաղաքներում մշտական բնակչությունը պետք է պահպանվի: Դրա համար կան տարբեր ուղիներ, օրինակ, տեղի բնակիչների համար կազմակերպել մասնագիտական դասընթացներ, որպեսզի նրանք կարողանան աշխատել տեղի սպասարկման ոլորտում:
«Հանքավանում կարելի է վերագործարկել հանքային ջրերի գործարանը, օգտագործել անտառային ռեսուրսները՝ ստեղծելով, օրինակ, դեղաբույսերի արտադրամաս, ինչպես նաև զարգացնել մեղվաբուծությունը: Այնտեղ առկա են նաև ճագարաբուծության լավագույն պայմանները, ինչը կխրախուսի տեղացիներին մնալ իրենց բնակավայրում: Սրան զուգահեռ՝ անհրաժեշտ է բացել կրթական ու մշակութային կենտրոններ, բարելավել ճանապարհները»,- ընդգծում են հետազոտողները:
Չօգտագործված բնական ռեսուրսներ, ենթակառուցվածքների բացակայություն
Բանախոսներն ընդգծում են՝ Հայաստանի լեռնային և նախալեռնային տարածքներում առկա բազմաթիվ բնության հուշարձանները՝ ջրվեժներն ու կիրճերը, ինչպես նաև անտառները, բուսական և կենդանական աշխարհի էնդեմիկ տեսակները, լճերը, կիրճերն ու ձորերը, քարայրերն ու անձավները էկոտուրիզմի գլխավոր գրավչությունն են, որոնք ուղղակիորեն դուրս են մնում զբոսաշրջային հոսքերից վատ ճանապարհների և սպասարկման ենթակառուցվածքների բացակայության պատճառով։ Նրանց խոսքով՝ ենթակառուցվածքների բարելավմամբ կզարգանա նաև էկոտուրիզմը:
Արսեն Գրիգորյանն արձանագրում է. «Մեր ջրվեժները հիմնականում հասանելի չեն օտարերկրյա զբոսաշրջիկներին։ Օրինակ՝ Սյունիքի հանրահայտ Շաքիի ջրվեժը. մենք բարեկարգ ճանապարհ չունենք, տուրիստական մեծ ավտոբուսը չի կարողանում գնալ այդ քարքարոտ ճանապարհով։ Նույնը կարելի է ասել Թռչկանի, Գեղարոտի, Լիճքի վեց ջրվեժների, Հերհերի ջրվեժի, ինչպես նաև անանցանելի վայրում գտնվող Վահագնիի ջրվեժի մասին»:
Նա շեշտում է, որ Հայաստանում ջրային ռեսուրսները չափազանց վատ են օգտագործվում, թեև դրանք կարող են ապահովել և՛ գյուղատնտեսությունը, և՛ տուրիստական հանգստի գոտիների ստեղծումը։
«Խորհրդային տարիներին կառուցվել էր 80 ջրամբար, իսկ անկախության 30 տարիների ընթացքում նույնիսկ երկու ջրամբար ավարտին չենք հասցրել. Վեդիի ջրամբարը դեռ նոր է լցվում, իսկ Կապսի ջրամբարն անավարտ է։ Մաքուր, զուլալ լեռնային աղբյուրների ջրերը հոսում են ցածրադիր շրջաններ ու աղտոտվում, մինչդեռ կարող էին կուտակվել և խողովակներով մատակարարվել բնակչությանը»,- մատնանշում է նա:
«Կանաչ» զբոսաշրջություն. փոքր ներդրումներ, մեծ եկամուտներ
Գիտնականների առաջարկած մոդելի առանցքային ուղղությունները էկոզբոսաշրջությունն ու ագրոզբոսաշրջությունն են, որոնք «կանաչ» զբոսաշրջության ուղղություններ են համարվում, և հնարավոր է ոչ մեծ ներդրումներով ապահովել զգալի եկամուտներ։
Վահագն Գրիգորյանն այսպես է բացատրում «կանաչ» զբոսաշրջության ճյուղ համարվող ագրոզբոսաշրջության մոդելը. «Ցանկացած գյուղ կարող է իր մարդկային ներուժով, ավանդույթներով, բնական պայմաններով և շրջակա պատմամշակութային արժեքներով զարգացնել ագրոզբոսաշրջությունը։ Սա հնարավորություն է տալիս վերականգնելու լեռնային շրջանների կյանքը։ Լեռնային շրջանների զարգացումը ներառում է նաև մի շարք ավանդույթների վերստեղծում՝ դրանք ի ցույց դնելով աշխարհին, օրինակ, ժանյակագործություն, դարբնագործություն, բրուտագործություն, կարպետագործություն»:
Արսեն Գրիգորյանը պատկերավոր ներկայացնում է, թե ինչպես է աշխատում ագրոզբոսաշրջությունը, և ինչպես է այն գրավում օտարերկրյա զբոսաշրջիկներին. «Շվեյցարացին գալիս է մեր տուն, որտեղ ստեղծել ենք հյուրատուն, մասնակցում է լավաշի թխման արարողությանը՝ գրտնակում է, լավաշը խփում թոնրի պատին և իր արածով հիանում։ Գնում է կով կթելու, խոտ հնձելու, մարգագետիններից կանաչի հավաքելու, գալիս է տուն, տնական կաթն ու մածունն է խմում, կարագը խնոցիով հարում: Նա պատրաստ է վճարելու այդ ամենը տեսնելու, ինչպես նաև դրան մասնակից լինելու համար»։
Ինչպե՞ս երիտասարդներին պահել լեռնային բնակավայրերում
Մոդելի հաջողության գլխավոր նախապայմանը մարդուն իր բնօրրանում պահելն է։ Դրա համար անհրաժեշտ է պետության, միջազգային դոնորների և տեղական բնակչության սերտ համագործակցությունը։
Արսեն Գրիգորյանն առաջարկում է փոքր գյուղերում կիրառել համակենտրոնացված ծառայությունների համակարգը։
«250-300 բնակիչ ունեցող գյուղերում, որտեղ դպրոցականների թիվն ընդամենը 30 է, չկան մանկապարտեզներ, մշակույթի տներ կամ կենցաղի սպասարկման կետեր, մինչդեռ բոլոր ծառայությունները մեկ վայրում համակենտրոնացնելը թե՛ հաստիքային, թե՛ ֆինանսական առումով ավելի ձեռնտու է դառնում, և գյուղը սկսում է չմարել»,- ընդգծում է նա։
Բացի դրանից՝ կարևորվում է երիտասարդ մասնագետների վերադարձը հայրենի գյուղեր։ Արսեն Գրիգորյանը ներկայացնում է իր ուսանողներից մեկի հաջողված փորձը. ««Սերվիս» կրթական ծրագրի ուսանողն ավարտում է և Երևանում մնալու փոխարեն գնում է իր հայրենի գյուղ։ Ծնողների հետ վերանորոգում է տունը, ծրագիր ներկայացնում, պետությունից ֆինանսական միջոցներ ստանում, հյուրատուն ստեղծում և սոցցանցերով գովազդում։ Շուտով զբոսաշրջիկներն սկսում են այցելել նրանց տուն։ Մեկ ընտանիքի հաջողված օրինակին հետևում է մյուսը։ Մեր մշակած մոդելի իմաստը հենց սա է՝ մարդկանց ուղղորդել դեպի լեռնային և բարձրլեռնային շրջաններ»:
Գիտնականներն այժմ աշխատում են ՀՀ Տավուշի մարզի Վերին Ծաղկավան բնակավայրը էկոգյուղի վերածելու ծրագրի շուրջ։ Այնտեղ նախատեսվում է «վերակենդանացնել» նաև տեղի մշակույթի պալատը, որը, ըստ նրանց, կդառնա հանգստի և ժամանցի կենտրոն պատանիների և երիտասարդների համար՝ ներառելով նաև հարևան Չինչին, Վարագավան և այլ գյուղեր։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews


