ԳլխավորԼուր

Ժաննա Անդրեասյանը մանրամասն ներկայացրել է աշակերտների ուժեղ ու թույլ կողմերը

ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի նիստը

Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որն այս անգամ անցկացվել է Երևանի «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրում։ Նիստը  վարել է նախարար Ժաննա Անդրեասյանը, հայտնում են նախարարությունից։

Օրակարգում ընդգրկված էր մեկ հարց՝ PISA 2025 միջազգային ստուգատեսի արդյունքների ներկայացում։

Ողջունելով ներկաներին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ PISA հետազոտությունը 15 տարեկան սովորողների միջազգային գնահատում է, որը ցույց է տալիս, թե ինչպես է սովորողը գիտելիքը կիրառում կյանքի տարբեր իրավիճակներում։ Այն անցկացվում է չորս տարին մեկ անգամ․ Հայաստանն առաջին անգամ ստուգատեսին մասնակցել է 2025 թվականին, որին ներկայացված է եղել 91 երկիր։ Այն անցկացվել է երեք հիմնական ուղղությամբ՝ բնական գիտություններ, մաթեմատիկա և ընթերցանություն։ Նախարարը մանրամասն ներկայացրել է, թե բոլոր երեք ուղղություններով ստուգատեսի նվազագույն շեմը հաղթահարած սովորողը ինչ պետք է կարողանա անել։ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ հետազոտությանը մասնակցել է ՀՀ 299 դպրոցի 6858 աշակերտ, որոնց 88%-ը եղել է 10-րդ դասարանցի։ Դպրոցների ընտրանքն ամբողջությամբ իրականացրել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը։ Հարցաթերթը նույնական է եղել բոլոր երկրների համար և թարգմանվել ու տրամադրվել է ՏՀԶԿ-ի կողմից։

Ըստ նախարարի՝ վերլուծությունը ցույց է տալիս, որ ՀՀ սովորողների մոտ առկա են թույլ և ուժեղ տեղեր, որը պետք է ամբողջության մեջ գնահատել։

«Մեր երեխաները բավականին բարձր՝ 10-ից 9 միավոր են գրանցել հարմարվողականությունից, ինչը շատ լավ է, քանի որ տարբեր իրավիճակներում ճկուն լինելու և իրենց դրսևորելու միտվածություն ունեն: Մեր երեխաները նաև բավականին նպատակասլաց են․ այս ուղղությամբ նույնպես 9 միավոր են գրանցել, ինչը նշանակում է, որ առկա է աշխատելու լավ ռեսուրս: Պատկանելիության զգացումը դպրոցին նույնպես բարձր է՝ 8 միավոր, իսկ դպրոցի արժեքի գիտակցումը՝ 7 միավոր։ Ամենամտահոգիչ խնդիրը, որը ոչ միայն մեր երեխաներն ունեն, օգնության դիմելու կարողությունն է, որը շատ ցածր արդյունք է գրանցել։ Պիտի աշխատենք, որ մեր երեխաներն ավելի բաց լինեն, կարողանան ճիշտ ձևակերպել իրենց խնդիրը և դրա համար աջակցության դիմեն։ Հետաքրքրասիրությունը նույնպես լուրջ խնդիր է․ մոտիվացիան ևս երկու միավոր է ստացել, որտեղ նույնպես աշխատանքի լուրջ տեղ կա»,-նշել է նախարարը՝ հաջորդիվ անդրադառնալով գիտելիքի կիրառելիության հետ կապված խնդիրներին՝ ներկայացնելով Հայաստանի գրանցած միավորների համադրությունն այլ երկրների հետ։

Ժաննա Անդրեասյանը փաստել է, որ գիտության և մաթեմատիկայի մասով պատկերը մտահոգիչ է, սակայն ամենավատ ցուցանիշները, ինչպես Հայաստանը, այնպես էլ մասնակից բոլոր երկրները, գրանցել են ընթերցանությունից, որն ամենալուրջ մարտահրավերներից մեկն է․

«Սա նշանակում է, որ մեր սովորողների շուրջ ամեն երրորդն է, որը հաղթահարել է նվազագույն շեմը գիտությունից, շուրջ ամեն երրորդն է, որ հաղթահարում է նվազագույն շեմը մաթեմատիկայից, և ամեն հինգերորդն է ընդամենը, որ կարողանում է դա անել ընթերցանությունից։ Միևնույն ժամանակ տեսնում ենք, որ բարեփոխումների տրամաբանությունը որոշակիորեն իր առաջին դրական ազդակները մեզ փոխանցում է․ կարողունակությունների հիման վրա ամենավաղը սկսել ենք աշխատել Տավուշի մարզում, որտեղ ընդունելության քննությունների արդյունքների միջինը բնագիտական առարկաներից էապես ավելի բարձր է, քան հանրապետության միջինը։ Սրան, բացի չափորոշչից, նպաստել են կառավարության կողմից իրականացվող խրախուսման մի շարք ծրագրեր»։

Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նաև ՀՀ կրթական համակարգի ուժեղ կողմերից մեկը․ անհավասարությունը, սոցիալ-տնտեսական գործոնով պայմանավորված, համեմատաբար ավելի փոքր է, քան այլ երկրներում։ Հաջորդ կարևոր ցուցանիշը, որ ներկայացրել է ժաննա Անդրեասյանը, այն է, թե ինչպես են տարբերվում տղաների և աղջիկների արդյունքները։ Մաթեմատիկայում դրանք հավասար արդյունքներ են, իսկ ընթերցանության և բնական գիտությունների մասով էական է աղջիկների առավելությունը, որի ուղղությամբ, ըստ նախարարի, անհրաժեշտ է մեծ խորությամբ աշխատանք իրականացնել։ Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև այն ցուցանիշներին, թե ինչպես են երեխաները վերաբերվում իրենց միջավայրին և ինչ դիրքորոշումներ ունեն։ Երեխաների 68%-ը նշել է, որ հաճույքով է նոր գիտելիքներ ձեռք բերում բնագիտության շրջանակում։ Մյուս կարևոր ուղղությունը դպրոցին պատկանելիության զգացումն է․ ՀՀ երեխաների 82%-ը դպրոցին պատկանելիության զգացում ունի, նրանց 83%-ը տոկոսը հեշտությամբ է ընկերներ ձեռք բերում, և այս գործոնն առաջ է բերում 7 միավորի առավելություն բնական գիտությունների պարագայում։

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև այն հարցին, թե ի՞նչն է սահմանափակում սովորելը։ Նրա խոսքով՝ ամենակարևոր գործոններից մեկը, որն ազդում է արդյունքի վրա, կրթության ոլորտի ֆինանսավորումն է։ Նախարարը ներկայացրել է մի շարք ցուցանիշներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է ՀՀ Կառավարությունը վերանայել կրթության ոլորտի ֆինանսավորումը։ Մասնավորապես՝ եթե 2018 թվականին ոլորտին հատկացվել է 128.3 միլիարդ դրամ, ապա 2026 թվականին արձանագրվել է 176% աճ՝ հասնելով 353.9 միլիարդ դրամի։ Նրա խոսքով՝ առավելապես աճել է հանրակրթության ոլորտ ֆինանսավորումը․ 2018 թվականին այն եղել է 103.1 մլրդ դրամ, իսկ 2026 թվականին արձանագրվել է 192%-ով աճ՝ հասնելով 300.9 մլրդ դրամի։

«Մյուս կարևոր գործոնը, որը ցույց է տալիս նաև կառավարության քաղաքականության դրական ազդեցությունը, ուսուցիչների պակասն է։ Ուսուցչական ռեֆորմը բավականին բարձրացրել է այդ մասնագիտության գրավչությունը․ եթե ՏՀԶԿ-ի երկրներում ուսուցիչների պակասի միջին ցուցանիշը 39% է, ապա մեզ մոտ 16% է գրանցվել, այսինքն՝ էապես ցածր է։ Մեզ մոտ էապես պակաս է նաև բավարար որակավորում չունեցող ուսուցիչների ցուցանիշը՝ ՏՀԶԿ միջին 25%-ի դիմաց 5%»,-նշել է նախարարը՝ այդ համատեքստում ներկայացնելով ուսուցիչների խրախուսման ու մասնագիտական զարգացմանն ուղղված ծրագրերը, որոնք իրենց արդյունքը տվել են։

Անդրեասյանը միաժամանակ մտահոգիչ ցուցանիշ է արձանագրել, թե ինչքան ժամանակ են երեխաներն անցկացնում տնային աշխատանքի վրա։

«Միջինում օրական երկու ժամ է, որն ավելի շատ է, քան ՏՀԶԿ միջինը, և սա ցույց է տալիս, որ հանձնարարությունների ծավալը չի որոշում, թե ինչպես են սովորում երեխաները․ ճիշտ մեթոդը պետք է գտնել։ Հաջորդ ցուցանիշը վերաբերում է նրան,  թե ինչպիսի միջավայրում են երեխաները սովորում։ Այս առումով Հայաստանը լավ ցուցանիշներ ունի, և այստեղ կարծես առաջին տեղում ենք․ մեր երեխաների 94%-ն իրեն անվտանգ է զգում դպրոց գնալիս, 91%-ը չի ենթարկվում բուլինգի, իսկ կիբեռբուլինգի մասին հաղորդել է 2,7%-ը։ Նաև բավականին լավ իրավիճակ ունենք կարգապահության տեսանկյունից, որը նույնպես ազդում է սովորելու որակի վրա․ 86%-ը նշել է, որ անկարգապահության խնդիրներ չի դիտարկել։ Հաջորդը՝ ուսուցչի կողմից աջակցությունն է սովորողին, որը մեր համակարգի ամենաուժեղ կողմերից մեկն է․ 84%-ը նշել է, որ անհրաժեշտ աջակցություն ստանում է ուսուցչից»,-նշել է նախարարը։

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև սմարթֆոնների ու արհեստական բանականության օգտագործման հետ կապված ցուցանիշներին:

«Մեր երկիրը բավականին բարձր ցուցանիշ ունի սմարթֆոնի՝ դպրոցում կիրառելուն՝ որպես ժամանց, և այդ ուղղությամբ համապատասխան կարգավորումներ ենք նախատեսում։ Արհեստական բանականությունը տնային աշխատանքներում կիրառելու հարցում ևս մեր սովորողները համեմատաբար ակտիվ են, սակայն այն դեռևս չի դառնում այնպիսի հմտություն, որն օգտագործվում է նաև այդ գիտելիքի կիրառականության տեսանկյունից։ Հետևաբար, այս ամենից կարելի է անել մի կարևոր հետևություն՝ բարեփոխումները ճիշտ ուղղությամբ են ընթանում կոմպետենցիաների զարգացման, ենթակառուցվածքների, ուսուցիչների խրախուսման ծրագրերի առումով, բայց առկա է լրջագույն մարտահրավեր՝ ելակետային շեմը, բազային հմտությունները ցածր են։ Ունենք ուժեղ կողմեր, որոնք օգտագործելով՝ պետք է ավելի լավ արդյունքների հասնենք»,- իր զեկույցը ամփոփել է Ժաննա Անդրեասյանը։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews