Երևանում կայացել է «Հայաստանի աղջիկների առաջնորդությունը սպորտում» («GOALS Armenia») կրթական հիմնադրամի կազմակերպած GOALS Girls Summit 2026 գագաթնաժողովը՝ «Ավելին, քան խաղ» («More Than a Game») խորագրով, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ Հիմնադրամի գործունեության 10-ամյակին նվիրված միջոցառումը համախմբել է Հայաստանի ավելի քան 20 քաղաքային և գյուղական համայնքների 11–15 տարեկան շուրջ 250 աղջիկների, ինչպես նաև պետական և միջազգային մարզական կառույցների, գործարար ոլորտի շուրջ 50 ներկայացուցիչների։
Գագաթնաժողովին ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) կանանց ֆուտբոլի զարգացման համակարգող Ալիսսա Լագոնիան, «GOALS Armenia»-ի գործադիր տնօրեն Թենի Ավակյանը և այլք։ Միջոցառմանը ներկա են եղել նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Նազարյանը։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է աղջիկների՝ սպորտում ներգրավվածության ընդլայնումն ու հավասար հնարավորությունների ապահովումը։ Նախարարն անդրադարձել է հասարակության մեջ դեռևս առկա կարծրատիպերին՝ ընդգծելով, որ աղջիկների նախասիրությունների զարգացման հարցում սպորտը հաճախ չի դիտարկվում որպես առաջնային ընտրություն, մինչդեռ այն պետք է հասանելի լինի յուրաքանչյուրին։
GOALS Armenia-ի գործադիր տնօրեն Թենի Ավակյանն անդրադարձել է հիմնադրամի տասնամյա ճանապարհին՝ ընդգծելով, որ կազմակերպության գործունեության հիմքում սպորտի միջոցով աղջիկների կյանքը փոխելու գաղափարն է։ Նրա խոսքով՝ մեկ համայնքում սկիզբ առած նախաձեռնությունն այսօր վերածվել է լայնածավալ շարժման, որի շրջանակում Հայաստանի ավելի քան 80 համայնքներում տարեկան 1000-ից ավելի աղջիկ է զբաղվում ֆուտբոլով և բասկետբոլով։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews









