Բելառուսում ընթացող ԱՊՀ երկրորդ խաղերում՝ սամբոյի մրցաշարում Հայաստանի հավաքականի անդամ Բորիս Շատվերյանը (79 կգ) հասել է եզրափակիչ, որտեղ ուժերը պետք է չափեր Տաջիկստանը ներկայացնող Դիվոշտիչի հետ, սակայն վերջինս չի ներկայացել մենամարտին: Բորիս Շատվերյանին հաղթանակ է գրանցվել։
Ավելի վաղ Հայաստանի հավաքականի կազմում ոսկե մեդալակիր է դարձել հունահռոմեական ոճի ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը, արծաթ մեդալակիր՝ հրաձիգ Նարե Գաբրիելյանը, կարատեիստ Սուրեն Հարությունյանը, բրոնզ են նվաճել հունահռոմեական ոճի ըմբիշ Սամվել Գրիգորյանը և ազատոճայիններ Նորիկ Հարությունյանը, Ազատ Կարապետյանը և Սերգեյ Սարգսյանը:
ԱՊՀ 2-րդ խաղերն անցկացվում են Բելառուսի տարբեր շրջանների 10 քաղաքում՝ օգոստոսի 4-ից 14-ը։ Հայկական պատվիրակության կազմում Բելառուս են մեկնել 140-ից ավելի մարզիկներ տարբեր սպորտաձևերից։