ԳլխավորԼուր

9-րդ դասարանի առաջադրանքներից է 18+ բովանդակությամբ «Слово пацана. Кровь на асфальте» ֆիլմի դիտումը

Կադր «Слово пацана» սերիալից

Սա ոչ թե «վրիպակ» է, այլ ուղիղ հարված երեխաների անվտանգությանն ու կրթական չափորոշիչներին, գրում է ֆեյսբուքյան օգտատեր Աննա Սարգսյանը։

«​9-րդ դասարանի դասագրքում (էջ 143, 17-րդ առաջադրանք) երեխաներին տնային առաջադրանք է տրվում դիտել «Слово пацана. Кровь на асфальте» սերիալի առաջին սերիան և գրել կարծիք։

​Այս սերիալը պաշտոնապես ունի 18+ տարիքային սահմանափակում՝ պարունակելով դաժանության, բռնության, փողոցային քրեական ենթամշակույթի, ծեծկռտուքների, ալկոհոլի և անչափահասների նկատմամբ բռնության տեսարաններ։ Այն ոչ միայն անթույլատրելի է 14–15 տարեկան դպրոցականի համար, այլև դասագրքի մակարդակով ներկայացվում է որպես ուսումնական նյութ՝ «օրենքի և անչափահասների պատասխանատվության» թեմայի շրջանակում։

​Ի՞նչ տրամաբանությամբ է 18+ բովանդակությամբ, բռնության և քրեական ռոմանտիզմի տեսարաններով սերիալը հայտնվում 9-րդ դասարանցու դասագրքում։ Ո՞վ է երաշխավորել այս գիրքը, ո՞վ է ստուգել բովանդակությունը և ինչո՞ւ է պետական դասագիրքը դեռահասին ուղղորդում դեպի 18+ կոնտենտ։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ​— սպասում ենք հստակ պարզաբանման և գրքի բովանդակության վերանայման։

ՀՀ ներքին գործերի նախարարություն (ՆԳՆ) — հարցը ուղղակիորեն առնչվում է անչափահասների իրավունքների, անվտանգության և հակաիրավական վարքագծի կանխարգելմանը։

​Երեխաներին պետք է սովորեցնել իրավունք ու պատասխանատվություն, ոչ թե դասագրքով ուղարկել 18+ բռնության տեսարաններ նայելու»,-նշված է գրառման մեջ։

Հավելենք, որ «Ռուսաց լեզու 9» դասագիրքը հրատարակվել է 2025 թ.  «Մանմար» հրատարակչության կողմից։ Հեղինակներն են Տ․ Բաբայանը, Մ․ Եղիազարյանը, Ս․ Սամուելյանը։