ԳլխավորԽճանկար

«Слово пацана», կամ երբ արդարությունը փողոցում են փնտրում

Կադր «Слово пацана» սերիալից

Նոյեմբերի 9-ին Wink և Start առցանց կինոթատրոններում միաժամանակ սկսվեց «Слово пацана. Кровь на асфальте» քրեական սերիալի առաջին եթերաշրջանի ցուցադրությունը, որը արագ հայտնի դարձավ ու մեծ աղմուկ բարձրացրեց ոչ միայն Ռուսաստանում, այլեւ նախկին ԽՍՀՄ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։

Ֆիլմը նախորդ դարի 80-ական թվականներին Թաթարստանի մայրաքաղաք Կազանում պատանեկան կրիմինալի հաղթարշավի մասին է, որտեղ դաժան տեսարանների պակաս չկա։ Հենց դա ու փողոցային ենթամշակույթի այսպես ասած՝ հերոսականացումն էլ առիթ է դարձել բազմաթիվ մարդկանց մտահոգվելու, որ այն բացասական հետեւանք կունենա անչափահասների վրա, ու, ըստ նրանց, հեռու չէ օրը, որ պատանեկան հանցախմբեր հայտնվեն արդեն Հայաստանի բնակավայրերում։

Անժխտելի է, որ կինոն, առավել եւս՝ զանգվածային տարածման համար որեւէ սահմանափակում չճանաչող համացանցում կարող է հսկայական ավերածություններ պատճառել դեռահասների դեռ նոր-նոր ձեւավորվող աշխարհայացքում, որտեղ լավի ու վատի  սահմանները հեղհեղուկ են, իսկ այդ հասկացությունները շատ արագ կարող են փոխվել տեղերով։

Կադր «Слово пацана» սերիալից
Կադր «Слово пацана» սերիալից

Սերիալը դիտելուց հետո սակայն առաջին տպավորությունն այն է, որ դաժան տեսարաններով գերհագեցած ֆիլմը չի կարող օրինակ ծառայել քիչ թե շատ մտածելու կամ պարզապես համեմատելու, պատճառ-հետեւանք կապը տեսնելու ընդունակ ցանկացած մարդու մոտ, թեկուզ նա լինի դեռահաս-դպրոցական։

Ֆիլմի ողջ ընթացքում չհաջողվեց 80-ակաների վերջի ԽՍՀՄ-ի ու 2020-ականների Հայաստանի միջեւ համեմատություն անելուց խուսափել. ամենաակնհայտ նմանությունը հին արժեհամակարգի փլուզման ու նորի փնտրտուքի մեջ է։ Դպրոցական-կոմերիտական, միլիցիոներական-սոցիալական ձեապաշտության մեջ սերիալի 14-15 տարեկան սովորական հերոսները փողոցում են փնտրում բազմաթիվ հարցերի պատասխաններ ու պաշտպանություն լրիվ իրական վտանգներից՝ ասենք՝ պարբերաբար ծեծվելուց կամ շորթման զոհ դառնալուց, փողոցում են փորձում իրենք իրենց աչքին բարձրանալ ու գոնե մի քիչ կարեւոր զգալ։

Պարզ է, որ նրանց ավագ «եղբայրները» պարզապես շահագործում են երեխաներին՝ կիսագողական-քրեական իրենց ամբիցիաները բավարարելու ու առանց գործարան-ֆաբրիկաներում առավոտից երեկո տքնելու փող ունենալու համար՝ չխորշելով գողությունից, ավազակային հարձակումից, դրամաշորթությունից, նույնիսկ՝ սպանությունից, որպես հիմք ունենալով միայն մեկ «հիմնավորում»՝ միակ իսկական մարդիկ իրենք են՝ «պացանները», իսկ մնացածը 4–րդ կարգի ինչ-որ արարածներ են՝ «չուշպաններ»։

Կադր «Слово пацана» սերիալից
Կադր «Слово пацана» սերիալից

Այնուամենայնիվ, հուսանք, որ չնայած այսօրվա հայկական իրականությանը, որտեղ խճճվել-ձեւախեղվել են բոլոր արժեքներն ու ուղենիշները հաղթանակ-պարտության, գեղեցիկ-տգեղի, ճիշտ-սխալի մասին, հայ դեռահասներին հնարավոր չէ դուր գա այն, երբ 14-ամյա աղջկան փախցնում են ու նրան ազատելու համար ժամադրություն-խոսակցության են կանչում «թշնամական» թաղամասի «մեծերին»՝ իբր խոսալու համար, սակայն մեծ խմբով հարձակվում են ժամանած 3  հոգու վրա, կտրում նրանցից մեկի ականջը, դաժանաբար ծեծում, իսկ դեռահաս աղջիկն էլ ժամեր անց բռնաբարվում է իրենցից մեկի կողմից։ Չկարողանալով տանել շրջապատի ու նույնիսկ սեփական մոր կողմից ամենադաժան բուլինգը՝ աղջիկն այդ ստիպված կյանքին վերջ է տալիս՝ թռչելով բազմահարկի իրենց տան պատուհանից։

Հնարավոր չէ, որ օրինակելի լինի այն, թե ինչպես են փողոցում բաժակ «ֆռցնողները» խաբեությամբ հափշտակում ֆիլմի հերոսներից մեկի մոր 100 ռուբլին, վերարկուն ու մորթե գլխարկը՝ ձմռան ցրտին, ու այն, երբ նրա որդու ընկեր «պացանները» հետո գողանում են անգլերենի ուսուցչուհու նմանատիպ գլխարկն ու որպես նվեր մատուցում տուժածին՝ խաբելով, որ այն վերադարձրել է կնոջը թալանածներից մեկը։ Ու երբ մի քանի օր անց կինն իմանում է, որ այն տղաները, որոնց ինքը երախտագիտություն էր հայտնել այդպիսի նվերի համար, նույնչափ խաբեբա են, ու ամենակարեւորը՝ իր տղան էլ նրանցից մեկն է, պարզապես խելագարվում է ու հայտնվում է հոգեբուժարանում։

Կադր «Слово пацана» սերիալից
Կադր «Слово пацана» սերիալից

Դեռահասներին վերջապես չի կարող ինչ-որ բան չհուշել այն, որ փողոցն ընտրած ֆիլմի գլխավոր հերոսներն առանց բացառության կամ սպանվում են, կամ որպես ամենամեղմ տարբերակ՝ հայտնվում են ազատազրկման վայրերում։

Ու կոնկրետ սերիալի բացասական հետեւանքները քննարկելու փոխարեն գուցե արժե կամ պետք է այլընտրանք գտնել-առաջարկել մի սերնդի, ում մոտ արժեքների խառնաշփոթ է, եւ ոչ միայն 14-15 տարեկան դեռահասների մոտ։

Տեղեկանք

«Слово пацана. Кровь на асфальте» ֆիլմը 1980-ականների վերջին Կազանի երիտասարդական խմբավորումների մասին ռուսական քրեական սերիալ է, որը նկարահանել է ռեժիսոր Ժորա Կրիժովնիկովը Ռոբերտ Գարաևի «Слово пацана. Криминальный Татарстан 1970—2010-х» գրքի հիման վրա: Գլխավոր դերերը կատարում են Իվան Յանկովսկին, Ռուզիլ Մինեկաևը, Լեոն Կեմստաչը, Ելիզավետա Բազիկինան, Աննա Պերեսիլդը և Անաստասիա Կրասովսկայան։

Պրեմիերան տեղի է ունեցել 2023 թվականի նոյեմբերի 9-ից դեկտեմբերի 21-ը Wink և Start առցանց կինոթատրոններում։

Ըստ big data-ի ՝ դեկտեմբերի 7-ին ՝ 6-րդ սերիայի թողարկման պահին, Wink տեսածառայության այցելուների թիվը հասել է գագաթնակետին և աճել 5 անգամ ՝ նոյեմբերի 9-ի ՝ սերիալի ցուցադրման առաջին օրվա համեմատ։ Եզրափակիչը 4,7 անգամ ավելի շատ հանդիսատես է դիտել, քան պրեմիերայի դրվագը։ Ըստ VK երաժշտության, սերիալի երգացանկը հավաքել է 7 միլիոն լսումներ, իսկ հինգ կոմպոզիցիաներ ընդգրկվել են ծառայության լավագույն 100-ում:

Ի դեպ, քանի որ Թաթարստանի իշխանությունները դեմ էին սերիալի նկարահանմանը, այն նկարահանվել է ոչ թե հենց Կազանում, այլ՝ Յարոսլավլում։

Usanogh.am