ԳլխավորԼուր

ԵՊՀ թիմը հաղթել է ամենամյա դատախաղ-մրցույթում

Ուսանողների համար Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կազմակերպած ապահովագրական իրավունքի ամենամյա դատախաղ-մրցույթում հաղթող է ճանաչվել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի թիմը, հայտնում են ԵՊՀ հանրային կապերի և մարքեթինգի վարչությունից։

Մրցույթին մասնակցել են Երևանի պետական համալսարանի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի, Հայ-ռուսական համալսարանի և ՀՀ ոստիկանության կրթահամալիրի՝ իրավագիտության ֆակուլտետները ներկայացնող 5 թիմեր։

Մրցույթն անցկացվել է երկու փուլով՝ գրավոր և բանավոր: Գրավոր փուլում թիմերը ներկայացրել են հաճախորդի պահանջ–դիմումը բանկին և ապահովագրական ընկերության պատասխանը հաճախորդին, իսկ բանավոր փուլում մրցել միմյանց դեմ՝ ներկայացնելով և´ հաճախորդի, և´ ապահովագրական ընկերության շահերը։

Մրցույթի բանավոր փուլը գնահատել են ֆինանսական ոլորտի իրավաբանները, վերոնշյալ համալսարաններում դասավանդող դասախոսները և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի աշխատակիցները։

Եզրափակիչում մրցել են ԵՊՀ երկու թիմերը։ Առաջին թիմի անդամներն էին Ղազարյան Իգորը, Գաբրիելյան Մարիետան և Գևորգյան Մարիետան, իսկ երկրորդ թիմինը՝ Տոնոյան Ալլան, Մովսիսյան Էդվարդը, Հովհաննիսյան Մարիան, Մնացականյան Անահիտը։

Մրցույթի հաղթող է ճանաչվել Երևանի պետական համալսարանը ներկայացնող երկրորդ թիմը։

Մրցանակներ են շնորհվել նաև «Լավագույն պահանջ-դիմում», «Լավագույն պատասխան» և «Լավագույն բանախոս» անվանակարգերում հաղթող ճանաչված մասնակիցներին։ Հատկանշական է, որ առաջին երկու մրցանակները ևս ստացել են ԵՊՀ թիմերը։